‘Բերձորի արվեստի եւ սպորտի դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրգործը կարճվել է’

849

ԼՂՀ ԿԱ ոստիկանության քննչական վարչությունը կարճել է Բերձորի արվեստի և սպորտի դպրոցի  տնօրեն Գոռ Մանուկյանի նկատմամբ հարուցված քրեական գործը` նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, փոխանցում է «Հետքը»: 

ԼՂՀ  ոստիկանության քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում կատարելու հատկանիշներով:  ԼՂՀ դատախազության հաղորդագրության համաձայն` Գոռ Մանուկյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, իր հանձնարարությամբ 2011-2013թթ. ընկած ժամանակահատվածում խմբակավարների միջոցով կազմակերպության արվեստի բաժնի խմբակների սաներից յուրաքանչյուր ամիս հավաքագրել է 600-ական դրամ գումար և մուտքագրել կազմակերպության դրամարկղ` հիշյալ անձանց շահերին պատճառելով ընդհանուր 1.071.000 դրամի չափով գույքային վնաս: 

Տնօրեն Գ.Մանուկյանի նկատմամբ երկրորդ մեղադրանքը վերաբերում էր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնում կատարելուն: Ըստ դատախազության հաղորդագրության, Գոռ Մանուկյանը, շահադիտական դրդումներից ելնելով, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ ուրիշի գույքը վատնման եղանակով հափշտակելու նպատակով, 2012-2013թթ. ընկած ժամանակահատվածում նույն կազմակերպության աշխատակից, Միջնավան քաղաքի պարի խմբակների խմբակավար-պարուսույց Կարեն Մարտիրոսյանի կողմից իրականում չպարապած դասաժամերի համար վերջինիս է վճարել ընդհանուր 209.305 դրամ աշխատավարձի գումար` վատնման եղանակով պետությանը պատճառելով զգալի չափով գույքային վնաս:

Հիշեցնենք, որ Գոռ Մանուկյանը հայտարարում էր, որ քրեական գործը իրականում հարուցվել է Քաշաթաղի վարչական շրջանի ղեկավար Սուրեն Խաչատրյանի ցուցումով, քանի որ վերջինս Մանուկյան հետ աշխատանքային խնդիրներ ունի:

 

Նախորդ հոդվածը‘Ազատության հրապարակը` նոյեմբերի 5-ի երեկոյան (ամփոփում, լուսանկարներ, ամբողջական տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Համանախագահներ. Սարգսյան-Ալիեւ հանդիպումը` նոյեմբերին’