‘Բերման ենթարկված «Հակահարվածի» 3 տղաներից 2-ը դեռ ոստիկանությունում են, իբր «հրավիրվածի» կարգավիճակով ‘

984

Այսօր բերման ենթարկված «Հակահարված» art խմբի 3 անդամներից երկուսը դեռ ոստիկանությունում են, (Ոստիկանության Նորք Մարաշի բաժանմունք) նրանց այժմ առանձնացրել են, պահում են առանձին-առանձին, տարբեր սենյակներում: Քիչ առաջ «ժամանել է» նաեւ 02-ի տեսախցիկը: Ուշագրավն այն է, որ «Հակահարվածի» տղաների հարցին, թե ի՞նչ կարգավիճակով են իրենց բերել ոստիկանություն, արդյո՞ք բերման են ենթարկել, ոստիկանությունում հայտարարել են, թե ոչ, իրենց ոչ թե բերման են ենթարկել, այլ իբր հրավիրել են՝ «հրավիրվածի» իրականում գոյություն չունեցող կարգավիճակով: Ընդ որում, թեեւ ոստիկանությունում պնդում են, թե տղաներին բերման չեն ենթարկել, սակայն, թույլ չեն տալիս նրանց դուրս գալ ոստիկանության շենքից: Նրանցից Թաթուլ Սարոյանը մի կերպ դուրս է եկել ոստիկանության շենքից, ինչից հետո նրա հետեւից դուրս են եկել ոստիկաններ եւ փորձել են, իրենց ասելով, «նորից ներս հրավիրել» Սարոյանին: Վերջինս, սակայն, հայտարարել է, որ եթե ինքը ոչ թե բերման է ենթարկվել, այլ՝ հրավիրվել է, ապա ինքը չի ցանկանում նորից մտնել ոստիկանության շենք: Լրագրողների եւ ոստիկանության շենքի մոտ հավաքված անձանց «ճնշման» տակ ոստիկանները ստիպված են եղել տեղի տալ: Այս պահին ոստիկանությունում են գտնվում «Հակահարվածի» տղաներից Հերբերտ Գեւորգյանն ու Արտակ Գեւորգյանը, սպասում են փաստաբանի ժամանելուն:

Հիշեցնենք, որ «Հակահարված» art խմբի երեք անդամներին բերման էին ենթարկել Բժշկական համալսարանի մոտ գտնվող անցումից, որտեղ տղաները հերթական ակցիան էին իրականացնում:

 

Նախորդ հոդվածը‘Գիվի Թարգամաձեն Վրաստանի նոր իշխանություններին սպառնում է «զավթել իշխանությունը»’
Հաջորդ հոդվածը‘Մայրաքաղաքային գնդում զինծառայող է սպանվել’