‘Բժեզինսկի. ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև կլինեն թե՛ համաձայնություններ և թե՛ տարաձայնություններ’

760

Վաշինգտոնի և Մոսկվայի միջև փոխհարաբերությունների «վերաբեռնումը», որը դարձավ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի քաղաքական ամենաակնառու քայլերից մեկը, չձախողվեց, սակայն երկու երկրների փոխհարաբերություններում, ըստ էության, ոչինչ չփոխեց էլ, կարծում է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության գծով  նախկին խորհրդական, քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին, հաղորդում է РИА Новости-ն:

2009 թ. մարտին ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը Հիլարի Քլինթոնը Սերգեյ Լավրովին նվեր մատուցեց՝  խորհրդանշական «կոճակ»՝ ի նշան փոխհարաբերությունների «վերաբեռնման»: «Ես համոզված եմ, որ «վերաբեռնման» քաղաքականությունը ձախողում չէ, և չեմ կարծում, թե այդ քաղաքականությունը պարզունակ էր: Նախ՝ դա բավական լիմիտավորված քայլ էր: Այն գալիս է համակարգչային տերմինաբանությունից: Ի՞նչ է նշանակում «վերաբեռնել» համակարգիչը: Այդ գործողությունը ոչինչ չի փոխում համակարգիչում: Դա, ավելի շուտ, վերակազմակերպում է, հարմարեցում նոր իրողություններին: Իսկ դա տեղի է ունեցել,  և բավական հաջող»,- ասել է Բժեզինսկին Euronews հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Վերաբեռնման» արդյունքն էին՝ ռազմավարական-հարձակողական սպառազինության գծով համաձայնագրերը, Ռուսաստանի տարածքով դեպի Աֆղանստան՝ ՆԱՏՕ-ի ռազմական բեռների տարանցման պայմանագիրը, վիզային ռեժիմի դյուրացումը, նախագահական երկկողմ հանձնաժողովի ստեղծումը, պաշտպանական գերատեսչությունների միջև  երկխոսության կայացումը: Սակայն այնուհետև «վերաբեռնումն» սկսեց շնչահեղձ լինել: ՌԴ-ն կտրուկ հանդես եկավ ընդդեմ Եվրոպայում ԱՄՆ և ՆԱՏՕ-ի հակահրթիռային համակարգերի տեղակայման, Վաշինգտոնը բազմիցս դժգոհություն հայտնեց Ռուսաստանում մարդու իրավունքների վիճակից, Մոսկվան Վաշինգտոնին մեղադրեց իր ներքին գործերին խառնվելու մեջ և այլն:

Բժեզինսկու կարծիքով՝ Օբամայի երկրորդ ժամկետի ընթացքում Վաշինգտոնի և Մոսկվայի հարաբերություններում «կլինեն թե՛ բարդ և թե՛ դրական պահեր, թե՛ համաձայնություններ և թե՛ տարաձայնություններ տարբեր հարցերում»: Ընդ որում՝ ամերիկացի քաղաքագետը կարծում է, որ Վլադիմիր Պուտինի վերադարձով պայմանավորված՝ երկկողմ հարաբերություններում իրավիճակն ավելի բարդացել է, մի քաղաքական գործչի, որը Վաշինգտոնի համար «պակաս հրապուրիչ» է: Բժեզինսկու կարծիքով՝ Պուտինն այս պահին փայփայում է «Մեծն Ռուսաստանի՝ յուրօրինակ Խորհրդային Միության գաղափարը», որն «անիրական նպատակ է, և հազիվ թե ռուսաստանցիների մեծ մասը պաշտպանի այն»: 

Նախորդ հոդվածը‘Մագնուս Կառլսենը եւ իր հիպնոսը. Tata Steel Chess’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ԱՄՆ-ում տեղի կունենա Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը’