‘Բիզնեսի գաղափարականացում’

3736

Ցանկացած բիզնես ծրագիր ինքնին սկզբից գաղափար է, որը հետագայում է միայն վերածվում դրամական եկամուտների, ինչու չէ՝ նաև նախապես այդ գաղափարի մեջ ունենալով շահույթ ստանալու ակնկալիք: Առանց շահույթ ստանալու ակնկալիքի բիզնեսն արդեն բիզնես չի կոչվում, այլ՝ բարեգործություն, ու հիմարություն էլ կլինի, որ մարդ բիզնես սկսի՝ նախապես իմանալով, որ շահույթ չի ստանալու: Սակայն, այսքանով հանդերձ, միայն նյութական շահույթ ստանալն էլ բավարար չէ բիզնես սկսելու համար, և ցանկացած բիզնեսի հիմքում պետք է լինի գաղափար՝ ինչ-որ բան ստեղծել, ինչ որ դաշտ լրացնել, ինչ-որ նորարարություն կատարել:

Ցավոք սրտի, այս պարզագույն ճշմարտությունը որոշ մարդիկ չեն կարողանում կամ չեն ցանկանում ընկալել ու վազում են ծայրահեղությունից ծայրահեղություն, մեկ՝ բիզնեսը խառնելով բարեգործության հետ, մեկ էլ՝ բիզնեսը վերածելով միայն դրամական շահույթ ստանալու իդեոլոգիայի:

Դրամ վաստակելն ինքնին գաղափարախոսություն չի կարող լինել, ու մեր երկրի մեծահարուստների մեծամասնության խնդիրն էլ այն է, որ նրանք իրենց բիզնեսի գաղափարախոսության հիմքում դնում են միայն շահույթ ստանալը՝ մոռանալով այն պարզագույն ճշմարտությունը, որ փող աշխատելն ինքնին նպատակ չի կարող հանդիսանալ, այլ միայն միջոց՝ ավելի «վեհ» ծրագրեր իրականացնելու համար: Հա դե լա՛վ, աշխատեցիր 1 միլիարդ, 2, հետո 3, հետո 10, բա հետո՞: Ա՛յ, այդ հետո-ն հայաստանյան մեծահարուստները չեն հասկանում։ Չեն հասկանում, որ մինչ այդ միլիոններն ու միլիարդները «վաստակելը»՝ արդեն սկզբից պետք է մտածված լիներ հետոյի մասին: Այս իրավիճակը ոչ միայն Հայաստանի մեծահարուստների կրթական ցածր մակարդակի պատճառով է, այլ նաև մեծահարուստների «վաստակածի» աղբյուրի հետ կապված խնդիր կա, այսինքն, ավելի պարզ ասած լինելու համար կարող ենք նշել, որ Հայաստանի մեծահարուստների գերակշիռ մեծամասնությունը  հարստացել է ոչ թե բիզնես անելով, այլ տարատեսակ այլ միջոցներով: Բիզնեսով հարստանալու դեպքում մեխանիկորեն՝ բիզնեսի հետ միասին, կգար նաև «վեհ» գաղափարախոսությունը: Եթե նույնիսկ վերցնենք աղբահանությունը, ապա աղբահանության միջոցով դրամ վաստակելը կրկին իր այլ «վեհ» գաղափարախոսությունը պետք է ունենա, զորօրինակ՝ Երևանը մաքուր տեսնելու նպատակը կամ աղբից էներգիա ստանալու, կամ՝ աղբի վերամշակման և այլ արտադրանք ստանալու նպատակը:

Ասածս այն է, որ Հայաստանին նախ և առաջ պետք է բիզնես գաղափարախոսություն, որ մարդիկ փող աշխատեն որոշակի «բարձր» նպատակի համար, թեկուզ իրենցից բարձր, բայց ոչ թե՝ բարեգործության քողի տակ ավելի մեծ եկամուտներ ստանալու նպատակ:

Եթե ցանկացած բիզնես ծրագրում դրվի հենց այս խթանը, ապա նույնիսկ բիզնեսի չստացման դեպքում՝ կրկին կունենաս բացատրություն, որ այդ ամենն արվել է այս կամ այն գաղափարի համար, չնայած «գաղափարախոսական» բիզնեսները մեծամասամբ հաջողության են հասնում:

Արդարության դեմ մեղանչած չլինելու համար պետք է ասեմ, որ Հասատանի միջին ու ցածր խավի բիզնեսմենների համար շատ դժվար է այդ գաղափարախոսությունը գտնելը, քանի որ մարդիկ աշխատում են «օրվա հացի» համար, այդ իսկ պատճառով այս ամենը պետք է ակնկալել ոչ թե միջին ու ցածր եկամուտ ունեցող բիզնեսմեններից, այլ մեծահարուստներից:

Հայաստանի մեծահարուստներն էլ իրենք իրենցով չեն կարող հասնել այս մտայնությանը, ու այդ ամենը հասկանալու համար նրանց պետք է «օգնի» իշխանությունը, ու ամենամեծ «օգնությունը» կլինի այն, որ իշխանության ներկայացուցիչները չունենան իրենց բիզնես շահերը այս կամ այն ոլորտում: Օրենսդրորեն հենց այդպես էլ կա, սակայն այդ ամենը պետք է կիրառվի կյանքում ու չպետք է միայն թղթի վրա գրված մնա:

Ավելի պարզ՝ ցանկացած իշխանավոր պետք է հասկանա, որ տվյալ բիզնեսմենի շահը որևէ կերպ իր շահը կամ իր տույժը չէ, ու հարցերին պետք է նայի այն տեսանկունից, թե ինչքանով է տվյալ բիզնեսն օգուտ բերում Հայաստանին, թեկուզ որ՝ տվյալ իշխանավորին դուր չի գալիս այդ բիզնեսմենի վերաբերմունքն իր նկատմամբ: Ու ամենակարևորը՝ բիզնեսմենը ոչ թե պետք է իշխանության կողմից դիտվի որպես «հանցագործ», որը ցանկանում է փող աշխատել, այլ որպես մարդ, որն իր բիզնես ծրագրերով փորձում է երկրի տնտեսությունը զարգացնել և ինչու չէ՝ ունենալ մեծ դրամական շահույթ: 

Առաքել Սեմիրջյան

 

Նախորդ հոդվածը‘Մեղադրանք` լրագրողի աշխատանքը խոչընդոտելու համար’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ծնվել է Ուոլթեր Ռոթշիլդը. «Բռնել է թիթեռ, սիրել ծաղիկներ…»’