‘ԲՀԿ–ականը Սերժ Սարգսյանին. «Պահանջել ենք և շարունակելու ենք պահանջել»’

1173

Ինչպես հայտնի է՝ հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» ծրագրի եթերում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե քառյակը շտապողականություն է դրսևորել, և իր 12 կետերը կազմելիս լեզվաշարադրական բացթողում կատարել՝ գրելով «պահանջ» բառը։ «Պահանջում ենք, որովհետև 12 կետերը շարադրվել են խորհրդարանական չորս ուժերի կողմից, այնպիսի ուժերի, որոնք վերջին շրջանում՝ բավականին տևական ժամանակ, քաղաքական օրակարգ են ձևավորում երկրում, և լինելով բավականին ազդեցիկ ուժեր, կարծում եմ՝ ամբողջովին իրավունք ունենք ասելու՝ պահանջո՛ւմ ենք»,- 7or.am-ի փոխանցմամբ, այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում Սարգսյանին հակադարձել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ Նա ընդգծել է, որ ոչիշխանական քառյակն իսկապես կարևորում է այդ 12 կետերը՝ համոզված լինելով, որ դրանք չկատարվելու դեպքում համապատասխան բնագավառում բառի բուն իմաստով փլուզում է տեղի ունենալու։ «Մենք չենք ուզում փլատակների տակ թողնել այդ բնագավառները։ Մենք պահանջել ենք և շարունակելու ենք պահանջել։ Եվ, կարծում եմ, որևէ ոչ կոռեկտ ձևակերպում «պահանջել» բառի մեջ չկա»,-հավելել է Ս. Մարգարյանը։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի մատնանշած շտապողականություն դրսևորելուն, ԲՀԿ–ական պատգամավորը նշել է, որ քառյակը բավականին երկար ժամանակ է քննարկել այդ 12 կետերը, ամեն մի հարցը մասնագիտական և փորձագիտական մանրամասն քննության է ենթարկվել։ «Մեր գրածների հիմքում էլ եղել են երկրի առաջ ծառացած մարտահրավերները»,- հավելել է Ս. Մարգարյանը։

Նախորդ հոդվածը‘Պոռոշենկոն պատրաստ է զինադադար առաջարկել անջատականներին’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Գեւորգյանի վերջին հրաժեշտի արարողությունը. Ֆոտոներ ‘