‘ԲՀԿ-ական պատգամավոր. Գործ ունենք Կառավարության կողմից բիզնեսի վրա ուղղակի և բացահայտ ճնշման փաստի հետ ‘

965

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը քիչ առաջ հանդես է եկել հայտարարությամբ, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Հավանաբար որոշ շրջանակների մատուցմամբ, մի շարք լրատվամիջոցներ տիրաժավորում են հետևյալ հարցը, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է «Մուլտի Գրուպ» կոնցեռնի աշխատակիցների փոխարեն վճարել պարտադիր կուտակային կենսաթոշակի 5%-ը:

Դրա վերաբերյալ ցանկանում եմ ներակայացնել հետևյալ պարզաբանումը.

Վստահաբար, մենք գործ ունենք ակնհայտ արհեստական հարցադրման հետ: Այն քաղաքական ուժը, որը ներկայացնում եմ ես և որը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը, միանշանակ դեմ է պարտադիր բաղադրիչի կիրառմանը՝ համարելով, որ ներկա սոցիալ-տնտեսական իրականության պայմաներում դա ուղղակի անթույլատրելի է, քանզի հանուն տասնամյակներ անց խիստ մշուշոտ և հենց այսօր որևէ հստակ երաշխիքներով չամրագրված բարեկեցության գաղափարի, է ՛լ ավելի է վատանալու մարդկանց այսօրվա ու նաև վաղվա իրական կյանքը: 

Այս դեպքում արդեն էական չէ, որ որոշ խոշոր գործարարներ, կամավոր կամ ոչ համաձայնել են վճարել:

Այն, որ գործարարները պատրաստակամություն են հայտնել իրենք վճարել իրենց աշխատողների կուտակային պարտադիր վճարները, ապա այստեղ մենք գործ ունենք իրապես խորքային վտանգների հետ: Աներկբա է այն տեսակետը, որ այստեղ գործ ունենք Կառավարության կողմից բիզնեսի վրա ուղղակի և բացահայտ ճնշման փաստի հետ: Օրենքը հստակ սահմանում է, թե ով և որքան պետք է վճարի հունվարի 1-ից: Կարծում եմ, որ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ սա ընդամենը լինելու է խիստ կարճաժամկետ ակցիա, բողոքի արդարացի ալիքը մեղմելու կամ մարելու նպատակով:

Բնականաբար, այս դեպքում տրամաբանորեն առաջանում է երկու հստակ հարց:

Առաջինը՝ ո՞վ է վճարելու պետական համակարգում աշխատողների գումարները: Եվ պետք չէ զբաղվել փարիսեցիությամբ, քանզի բոլորիս համար էլ ակնհայտ է, որ այդ գումարները վճարելու են բացառապես երիտասարդ մասնագետները և ուրիշ ոչ ոք: Եվ երկրորդ՝ եթե մի քանի խոշոր գործարար պաթետիկ տոնով պատրաստակամություն են հայտնում իրենց վրա վերցնել այդ բեռը, ի՞նչ են անելու հազարավոր փոքր ու միջին գործարարները: Չէ՞ որ հենց այս կառավարության սխալ տնտեսական քաղաքականության արդյունքում դրանց մեծամասնությունն այսօր գտնվում է ծանրագույն վիճակում՝ կքած պարտքերի ու վարկերի տակ։ «Բարգավաճ Հայաստանը» ժողովրդի հետ մշտապես եղել է անկեղծ ու ազնիվ։ Ու մենք անելու ենք հնարավորը՝ այս համակարգի ներդրումը կասեցնելու համար, այլ ոչ թե գնալու ենք քայլերի, որոնց նպատակը կարճաժամկետ ակցիաներով հարյուր հազարավոր երիտասարդների արդար ընդվզումը մեղմելը և այնուհետև նույն այդ երիտասարդներին փաստի առաջ կանգնեցնելն է»: 

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինական ընդդիմության առաջնորդները այսօր կհանդիպեն Յանուկովիչի հետ’
Հաջորդ հոդվածը‘Ընդդիմությունը և Յանուկովիչի կողմնակիցները Կիևում նոր ցույցերի են նախապատրաստվում ‘