‘ԲՀԿ-ական պատգամավոր. Ուսանողության փողերը մսխելուց բացի, պետք է ծանոթանալ փաստաթղթերին’

954

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը Ֆեյսբուքում անդրադարձել է ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի հայտարարությանը: Վերջինս իր հերթին անդրադարձել էր ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանն այն մասին, որ ԲՀԿ-ն կմիանա Կոնգրեսի նախաձեռնությանը` ստեղծել Մարտի 1-ի պատասխանատվության հարցն ուսումնասիրող հանձնաժողով:  

«Զարմանալի չէ, որ ՀՀԿ-ն մնացել է Կարեն Ավագյանի հույսին և վերջին «հարձակումները» իրականացվում են նրա մակարդակով, գրում է Վահան Բաբայանը: — Ես հասկանում եմ, որ կարելի է ֆանտաստիկայի ժանրը շատ սիրել, բայց նա բացի մեր ուսանողության փողերը մսխելուց լավ կլիներ՝ գոնե կարդացած լիներ մարտի 1-ի հանձնաժողովի եզրակացությունը (հուսով եմ տառաճանաչության մակարդակը թույլ կտա), որտեղ սևը սպիտակի վրա գրված է, որ, ցավոք, հանձնաժողովը չկարողացավ պարզել այդ 10 սպանությունների հանգամանքները և այդ հարցը մնաց բաց:

Այսօր շատ սլաքներ ուղղվում են սխալ հասցեներով և ակնհայտ է, որ ԲՀԿ -ն շահագրգռված է ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր, պարզելու այդ զոհերի մահվան հանգամանքները: Իսկ թե ովքեր դեմ կքվեարկեն այս անգամ, դրանից հասկանալի և պարզ կդառնա՝ ովքեր են ուզում պարտակել մեր պատմության այս արյունալի էջը:

Հ.Գ.Սնանկությունից խոսում է վաղուց արդեն հասարակության վստահությունը կորցրած մի ուժի ներկայացուցիչ, որը այսքանից հետո ավելի լավ է լռեր ու հեռանար ասպարեզից, համոզվելու համար էլ, որ ժողովուրդը իրենց չի ընդունում, կարող են մասնակցել կառավարության իրականացրած հարցումներին ու հետազոտություններին իրենց իսկ գործունեության վերաբերյալ, քանի դեռ նման հնարավորություն կա, մասնավորապես այդ պատգամավորը կարող է հարցախույզ անցկացնել մեր քաղաքում իր անձի մասին ու համոզվել իր քաղաքական սնանկության մեջ», — եզրափակում է պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘ Ռուսաստանը Հայաստանին ձգում է դեպի ԽՍՀՄ ժամանակներ. Մակարյան’
Հաջորդ հոդվածը‘Լեհաստանի ԱԳՆ-ը ԵՄ անունից կմեկնի Կիեւ’