‘ԲՀԿ-ը առաջարկում է անցում կատարել կառավարման խորհրդարանական համակարգին ‘

951

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը.

Նախագահական ընտրություններին քիչ ժամանակ է մնացել և, բնականաբար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդում այդ հարցի շուրջ մենք ունենում ենք քննարկումներ։ Ասեմ, որ այդ քննարկումներում կուսակցության քաղաքական խորհուրդը առաջնային է համարում ընտրությունների բովանդակությունը, օրակարգային հարցերն ու բնականաբար՝ կարեւորագույն հարցերից մեկն այն է, թե ի՞նչ է առաջարկվելու հասարակությանը: Մենք մինչ անձերին անդադառնալը, առավել կարևորում ենք այն օրակարգը, որի շուրջ լինելու են հնարավոր խորհրդակցություններն ու քննարկումները քաղաքական և հասարակական շահագրգիռ շրջանակների հետ:

Այսօր ակնհայտ է, որ հասարակության կողմից ձևավորված պահանջ կա երկիրը հնարավորինս արագ դուրս բերել այս ծանր իրավիճակից և դնել զարգացման առողջ և ճիշտ ուղու վրա:

Վերլուծելով մեր քսանամյա անկախության ճանապարհը, այսօրվա քաղաքական կոնյունկտուրան և զարգացման հեռանկարները, մենք գտնում ենք, որ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման, քաղաքական մենաշնորհի վերացման, ինչպես նաև՝ անհրաժեշտ բարեփոխումների իրականացման ճանապարհներից մեկը կարող է լինել անցումը կառավարման խորհրդարանական համակարգի: Սա կբերի քաղաքական կուսակցությունների դերի և պատասխանատվության զգալի բաձրացման, և կստեղծի իրական պայմաններ՝ արատավոր մի շարք խնդիրներ մեկընդմիշտ լուծելու համար:

Այս ճանապարհին, մենք կարևորում ենք 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին անցումը:

Անցումը կառավարման խորհրդարանական համակարգին ենթադրում է, որ 2013-ին ընտրվող նախագահը գործելու է առավելագույնը չորս տարի ժամկետով և մինչև խորհրդարանական հաջորդ ընտրությունները՝ (2017թ.) քաղաքական մյուս ուժերի հետ իրականացնելու է սահմանադրական համապատասխան փոփոխություններ և հիմք է դնելու նոր համակարգի:

Մենք գիտենք, որ այս գաղափարն առաջարկվում է քննարկման այլ քաղաքական ուժերի կողմից ևս: Մենք կարծում ենք, որ այս մոտեցումը նախագահական ընտրություններում կարող է դառնալ տարբեր քաղաքական ուժերի համախմբման և համագործակցության լուրջ գաղափարական հենք:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը առաջիկա օրերի ընթացքում խորհրդակցություններ է սկսելու քաղաքական ուժերի հետ՝ տեսնելու, թե արդյո՞ք կա հնարավորություն համախմբվելու ահա այս գաղափարի շուրջ:

 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի իշխանությունները ձերբակալել են 80 խորվաթ երկրպագուների ‘
Հաջորդ հոդվածը‘Սոչիում 240 շինարարներ կռվել են կեղտոտ գուլպաների պատճառով ‘