‘ԲՀԿ-ի «առաջամարտիկները»’

1591

Նախագահական ընտրությունների շեմին որոշ ԲՀԿ-ականներ շտապեցին օր առաջ իրենց հավատարմության երդումը տալ Սերժ Սարգսյանին: Դառնալով Հռոմի պապից ավելի կաթոլիկ՝ նրանք հայտարարեցին, որ սատարելու են ՀՀԿ-ի թեկնածուին: Անշուշտ, այդ ԲՀԿ-ականները կարող էին ձայն չհանել, կարող էին ընտրությունների օրը քվեարկել Ս. Սարգսյանի օգտին և լռել, և դա նորմալ կլիներ: Բայց նրանք նախընտրեցին բարձրաձայնել սեփական քաղաքական  ստորացումը: Որովհետև նրանց խնդիրը, ըստ էության, իրականում հենց դա էր, և ոչ թե Սերժ Սարգսյանին աջակցելը: Կասկած չկա, որ նրանցից յուրաքանչյուրը հոգու խորքում երազում է, որ Սերժ Սարգսյանը չընտրվի, բայց հայաստանյան իրականության մեջ հոգու ձայնը ստորադասվում է հրապարակային ստորացմանը:

Վառ օրինակ՝ առողջապահության նախկին նախարար Ա. Քուշկյանը, ով նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին դարձել էր իշխանական քարոզչամեքենայի հիմնական թիրախներից մեկը: Սերժ և Տիգրան Սարգսյանները զարմանում էին առողջապահության ոլորտում տիրող իրավիճակից, դեղերի շուկայից և ատկատներից: Դերենիկ Դումանյանը  (կամ ինչպես Սերժ Սարգսյանն է ասում՝ Դերոն) այդ առիթով հանձնարարություններ էր ստանում, հայլուրները ցուցադրում էին նշված ոլորտին առնչվող «մերկացնող սյուժեներ»: Մի խոսքով, Քուշկյանից սարքում էին ժողովրդի թշնամի:

Բայց հենց ԲՀԿ (որին անդամակցում է նույն Քուշկյանը) նախագահ Ծառուկյանը որոշեց չառաջադրվել՝ Հայաստանում առողջապահության ոլորտի խնդիրները միանգամից վերացան: Դեղերի որակը լավացավ, գները իջան, ատկատները հօդս ցնդեցին, հիվանդները բուժվեցին, և դերոների դերերն էլ իմաստազրկվեցին:

Բայց, փաստորեն, անգամ այսքանից հետո Քուշկյանը այնքան քաղաքական արժանապատվություն չունեցավ, որ լռի: Ոչ թե դեմ խոսի Սերժ Սարգսյանին, քավ լիցի, այլ պարզապես լռի:

ԲՀԿ-ից այս տիպի գործիչները քանի՞սը կլինեն՝ դժվար է ասել: Մինչև փետրվարի 18-ը դեռ ժամանակ կա, հերթով կերևան: Թեև, անկեղծ ասած, մյուս կողմից՝ դա այնքան էլ կարևոր չէ: Կարևորը մեկ այլ հարց է՝ արդյո՞ք այս ամենը ազդեցություն կունենա ԲՀԿ-ի վրա, կթուլանա՞, արդյոք, ԲՀԿ-ն այս ամենից: Այս հարցերի պատասխանները ԲՀԿ-ի ձեռքում են: Բալասանյանները, Քուշկյանները և այլք, հնարավոր է՝ կարող են թիվ կազմել, բայց հիմնական խնդիրը ԲՀԿ-ի համար, թերևս, այն պետք է լինի, որ թույլ չտան, որ այս մարդիկ այդ կուսակցությունում նաև որակ կազմեն: Ի վերջո, քաղաքական ուժերն ամրանում և կատարելագործվում են հենց նման փորձություններից հետո: Թեև, հանուն ճշմարտության ասենք, որ սա, մեծ հաշվով, փորձություն էլ չէ: Բալասանյանից, Քուշկյանից՝ ի՞նչ քաղաքական գործիչ, ի՞նչ պետական մտածողություն: Նրանց խնդիրը Սերժ Սարգսյանի հետ փող աշխատելն է, ու այդքանից հետո՝ չնստելը…:

Ի դեպ, Սերժ Սարգսյանի  հետ փող աշխատածներն արդեն մի առանձին «քաղաքական» կատեգորիա են ներկայացնում: Նրանք ամենուր են՝ քաղաքական դաշտի բոլոր խաղացողներիշրջանում, և «ճիշտ պահին» սկսում են իրենց սերժամետ գործունեությունը: Այնպես որ, հետփետրվարյան քաղաքական առողջացումների շրջանակներում ամենակարևոր քայլերից մեկը պետք է լինի քաղաքական ուժերի այս կատեգորիայից ձերբազատումը:

Նարեկ Ավագյան 

Նախորդ հոդվածը‘Նախարար. Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը կլինի ամենացածրն ԱՊՀ-ում’
Հաջորդ հոդվածը‘Բեռլինյան համալսարանում նախապատրաստվող պայթյունի մասին տեղեկությունը ճիշտ չի եղել’