‘ԲՀԿ-ն անվերապահ աջակցություն է հայտնում փոքր ու միջին ձեռնարկություններին ‘

1083

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տրածել, որում իր դիրքորոշումն է հայտնել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր դրույթների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՓՄՁ հազարավոր ներկայացուցիչներ համարում են, որ նոր օրենքը կործանարար կլինի իրենց բիզնեսի համար: Նրանք այդ առիթով երեկ իրենց բողոքն էին արտահայտում Կառավարության դիմաց:

«Հարկային բեռը 3.5 %-ից իջել է 1%-ի, սակայն տնտեսվարող սուբյեկտների, մասնավորապես՝ առևտրի ոլորտի ՓՄՁ ներկայացուցիչների համար միաժամանակ սահմանվել է պահանջ, որ ամբողջ իրացվող ապրանքների համար պետք է առկա լինեն ձեռքբերման փաստաթղթեր: Այլապես, կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ, ընդհուպ՝ փոքր եւ միջին տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռի ավելացում, և անգամ անցում ավելացված արժեքի հարկի դաշտ:

Օրենքի հիմնավորումն այն է, որ այդ կերպ՝ ՓՄՁ-ների միջոցով հայտնաբերվելու են խոշոր տնտեսվարողների շրջանառության իրական ծավալները:

ԲՀԿ-ն, կողմ լինելով ստվերային տնտեսության ծավալների կրճատմանը, կտրականապես դեմ է, որ այն իրականացվի փոքր ու միջին տնտեսվարողների գործունեության պայմանների վատթարացման հաշվին: Ավելին, օրենքի ողջ ծավալի կիրառումը կհանգեցնի ՓՄՁ-ների գերակշիռ մասի գործունեության դադարեցմանը, կբերի հազարավոր աշխատատեղերի փակման: Խոշոր տնտեսվարողների նկատմամբ պետության կողմից իրականացվող ոչ արդյունավետ վարչարարությունը չպիտի մահակ դառնա ՓՄՁ սուբյեկտների համար:

ԱԺ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորները նշյալ հարցի վերաբերյալ բազմիցս հայտնել են իրենց մտահոգությունը: ԲՀԿ-ն գտնում է, որ անհրաժեշտ է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, մասնավորապես՝ փոքր ու միջին ձեռնարկություններին ներկայացվող փաստաթղթավորման պահանջը և դրա նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը փոփոխել այն կերպ, որպեսզի դրանից չտուժեն ՓՄՁ-ները, ու վերջիններս հնարավորություն ունենան շարունակելու իրենց բնականոն գործունեությունը:

Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին, եւ պատրաստ է ստեղծել աշխատանքային խումբ ԲՀԿ պատգամավորների մասնակցությամբ՝ ՓՄՁ ներկայացուցիչների հետ համատեղ լուծումներ գտնելու համար», — ասվում է ԲՀԿ տարածած հաղորդագրության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Փալոնե. Միջազգային հանրությունը պետք է համարժեք արձագանքի Դեյր էլ Զորի հայկական եկեղեցու պայթեցմանը’
Հաջորդ հոդվածը‘«Բավարիան» հաղթեց «Պադերբորնին» (տեսանյութ)’