‘ԲՀԿ-ն կփորձի կանխել տրանսպորտի թանկացումը’

1156

Zham.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության քարտուղարՆաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որոշել է գործնական քայլերի անցնել և կանխել տրանսպորտի թանկացումըինչի համար երեկ Ազգային Ժողովում ԲՀԿ պատգամավորական եւ ավագանու ֆրակցիաները քննարկել են խնդիրը մի քանի ուղեւորափոխադրող կազմակերպությունների հետ եւ որոշել քայլեր ձեռնարկել այն մեղմելու ուղղությամբ: 
«Երեկ, մինչ կհայտարարվեր այդ մասին, երկու խմբակցություններով համատեղ նիստ ենք արել, մեզ դիմել էին ուղեւորափոխադրում իրականացնող մի քանի կազմակերպություններ, ովքեր դեմ են թանկացմանը: Նրանք եւս հասկանում են, որ թանկացումը ուղղակիորեն հարվածում է ՀՀ քաղաքացուն` կատաստրոֆիկ վիճակում գտնվող քաղաքացուն, որը բացարձակապես անընդունելի է:
Ուղևորափոխադրումներ կազմակերպող ընկերությունների հետ քննարկում էինք տարբերակներ, թե ինչ մեխանիզմներ է հնարավոր կիրառել թանկացումները կանխելու համար, իրենք էլ մեխանիզմներ առաջարկեցին: Առաջարկները փոխանցել ենք Երևանի ավագանու մեր խմբակցություն:
Հասկանում եմ, որ որոշումը կայացնելուց հետո, հնարավոր է, տպավորություն լինի, որ ոչինչ փոխել հնարավոր չէ, բայց պետք է անել հնարավոր ամենը: Ուղևորափոխադրող ընկերությունների և մեր մասնագետների առաջարկներով հիմա զբաղվում է ավագանու մեր խմբակցությունը:
Մեկ ժամից տեղի կունենա Երևանի ավագանու նիստը, որի ընթացքում կփորձեն ի մի բերել այդ առաջարկները և տեսնել, թե ինչ կարելի է անել: Ինքս հասկանում եմ, որ որոշումն արդեն կայացված է, բայց ինչ որ հնարավոր է, պիտի փորձենք անել:
Պիտի քաղաքական ուժերով անենք ամեն բան, որ սոցիալական ծանրաբեռնվածությունը թեթևացնենք: Քաղաքացիների սոցիալական վիճակը ծայրահեղ վատ է»,- նշել է Զոհրաբյանը: 
Zham.am

Նախորդ հոդվածը‘Նախկին «ԿաՎեԷն-շիկ». Մարդ եթե 150 դրամ չունի տրանսպորտ նստի, բա էլ ինքն ո՞ւմ ա պետք’
Հաջորդ հոդվածը‘Որտե՞ղ կշարունակի իր կարիերան Ուեյն Ռունին’