‘ԲՀԿ-ն «միացավ» ՀԱԿ-ին ‘

2214

Անցյալ շաբաթ քաղաքական դաշտում տեղի ունեցավ բավականին հետաքրքիր և կարևոր իրադարձություն, որին մամուլում այդպես էլ որևէ անդրադարձ չեղավ:

Դեռևս սեպտեմբերի 12-ին ԱԺ հայտարարությունների ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, խոսելով 4 ընդդիմադիր երիտասարդների նկատմամբ հրապարակված դատավճռի, Հայաստանում քաղբանտարկյալների առկայության անթույլատրելիության մասին, կոչ էր արել ժողովրդավարության համար պայքարող երիտասարդների ճակատագրով մտահոգված պատգամավորներին միանալ ամեն ուրբաթ դատախազության դիմաց կազմակեպվող և քաղբանտարկյալների ազատությունը պահանջող բողոքի միջոցառումներին: Հենց նույն օրը կոչին արձագանքել էր  ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը, որը և օրեր անց միացավ ՀԱԿ կազմակերպած բողոքի միջոցառմանը` ելույթ ունենալով հավաքվածների առջև և դատապարտելով ՀԱԿ երիտասարդների վերաբերյալ սույն թվականի հուլիսի 20-ին հրապարակված դատավճիռը:

Հիշեցնենք, որ մինչ այս ԲՀԿ ցանկացած քայլ Սերժ Սարգսյանին սպասարկող մամուլի կողմից ենթարկվում էր «խորը վերլուծությունների», քննադատության, ռեժիմի քայլերի հետ նույնականացման: Այնուհետև այդ քննադատությունը սահուն տեղափոխվում էր ԲՀԿ-ի հետ  ինչ-ինչ հարցերում համագործակցության հնարավորություններ տեսնող Կոնգրեսի ուղղությամբ:  

Մասնավորապես, ամեն ինչ սկսվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի քաղաքական վերլուծությունից հետո, երբ բոլոր կանխատեսումներին հակառակ՝ ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրությունների գնաց առանձին ցուցակով: Այդ ամենը շատ արագ վերագրվեց իբր նախագահականից եկող լուրջ հաշվարկներին, ըստ որոնց՝ ԲՀԿ-ն այդ քայլով «փախցրեց» ընդդիմության ձայները,  իսկ ահա ընտրություններից հետո անխուսափելիորեն մտնելու է կոալիցիայի մեջ և «քցելու է» Կոնգրեսին:

Բայց արի ու տես, որ այստեղ ևս ԲՀԿ-ն հիասթափեցրեց բոլորին: Նա ոչ միայն չմտավ կոալիցիայի մեջ, այլ նաև սկսեց խուսափել ընդհանրապես իշխանությունների հետ նույնականացվելուց և անկաշկանդ հակադրվել կառավարության գործունեությանը:

Այս ամենից վրդովված և իրեն ծառայող հայտնի վերլուծագանգերից հույսը կտրած Սերժ Սարգսյանն ինքը լծվեց ԲՀԿ-ին սևացնելու գործին: Վերջինս,  գիտակցելով, որ գալիք ընտրություններում Գյումրիի արդեն նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի պարտությունն անխուսափելի է, որոշեց անձամբ նրան «գահընկեց» անել և իր աջակցությունը հայտնեց ԲՀԿ թեկնածուին` այդպիսով իր կուսակցությանը փրկելով ոչ պատվաբեր պարտությունից և վերահաստատելով իր «իշխանությունը» ռեժիմից պոկվել ցանկացող ուժի նկատմամբ:

Սակայն այստեղ ևս, թեպետ «շախը» տրվել էր հենց Սերժ Սարգսյանի կողմից, և կանխատեսումներ կային, որ ԲՀԿ-ն չի հանդգնի դիմադրել «շախմատի մեծագույն վարպետին», կոալիցիայի վերականգնման փորձը ձախողվեց: Քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանը հայտարարեց, որ իրեն առաջադրել է ԲՀԿ-ն, և ինքը ոչ թե Սարգսյանի, այլ Ծառուկյանի թեկնածուն է:

Ռեժիմի ղեկավարը հետագայում ևս ԲՀԿ-ի «կորուստը» թաքցնելու համար քայլեր կատարեց, մասնավորապես՝ ԱԽ նիստի ժամանակ հայտարարելով, թե բացակա անդամները (նկատի ուներ ԲՀԿ ղեկավարին) պարզապես գործուղման են մեկնել, և որ ինքն այդ մասին տեղեկացնում է՝ ավելորդ շահարկումներից խուսափելու նպատակով:

Բայց կարծես թե  կոալիցիոն երբեմնի գործընկերոջը վերադարձնելու հույսերը լիովին սպառվեցին ԲՀԿ-ական պատգամավորի քայլից հետո: Սա հստակ հարված էր թե Սերժ Սարգսյանին, թե ամբողջ ռեժիմին: Եվ իսկապես, մասնակցել քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով բողոքի միջոցառմանը, երբ դա չեն անում իրենց շատ ավելի ընդդիմադիր համարող և ԲՀԿ-ի հետ համագործակցությանը հակադրվող հայտնի ուժեր՝ նշանակում է համաձայնել, որ  գործող իշխանությունները հանցավոր վարք են դրսևորում,  և ձեռնոց նետել  այդ հակաժողովրդական ուժերին:

 Որ ԲՀԿ-ի կամ բհկ-ականի այս քայլը շատ ցավոտ է ընկալվել իշխող վարչակարգի կողմից՝ ապացուցում է ոչ միայն սպասարկու լրատվամիջոցներում հիվանդագին վերլուծությունների բացակայությունը, այլև դրա վերաբերյալ առհասարակ լրատվության իսպառ բացակայությունը:

Այսպիսով` բոլոր կանխատեսումներին և իշխանական քարոզչամեքենայի կողմից ներարկվող ստահոդ լուրերին հակառակ՝ ՀՀԿԲՀԿ կամուրջների այրման գործընթացը շարունակվում է, և ավելի հստակ է ուրվագծվում «Հայաստանն առանց Սերժ Սարգսյանի» կարգախոսը իրականություն դարձնելու հարցում ԲՀԿի համագործակցությունը Հայ ազգային կոնգրեսի հետ:

 Արեգ Գևորգյան

 

Նախորդ հոդվածը‘Վաղարշակ Հարությունյան. ՆԱՏՕ-ում մեզ չեն սպասում ‘
Հաջորդ հոդվածը‘Ամենայն Հայոց Հայրապետ Վազգեն Առաջինի կոչը’