‘«ԲՀԿ»-ն պատրաստ է ցանկացած ֆորսմաժորային զարգացման». Պատգամավոր’

1048

ԱԺ այսօրվա ճեպազրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և պատգամավոր Վահե Հովհաննիսյանն անդրադարձել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի որոշ շեշտադրումներին։ Հատկապես սահմանադրական փոփոխությունների առնչությամբ Ն. Զոհրաբյանն ասել է.

–Գագիկ Ծառուկյանը հակադարձել է նրանց, ովքեր սահմանադրական փոփոխությունների բովանդակային փաթեթը չտեսած՝ ջանադիր կերպով պաշտպանում են այդ փոփոխությունները։ Մենք խոսում ենք պահի անհրաժեշտության մասին, մենք չենք ասում՝ փաթեթը լավն է, թե ոչ։ Մենք միտումնավոր և հաշվարկված կերպով չենք մտնում բովանդակային քննարկման մեջ։ Մենք կարծում ենք, որ այսօր, երբ Հայաստանում շատ ավելի առաջնային, լրջագույն խնդիրներ կան՝ աղքատություն, գործազրկություն և ամենակարևորը՝ հավատի դեֆիցիտ, արդյոք օրակարգի թիվ մեկ խնդիրը սահմանադրական փոփոխություննե՞րն են։

Ըստ պատգամավորի՝ չկան փաստարկված հիմնավորումներ, թե ինչու պետք է անցնել խորհրդարանական համակարգի:

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի հարցազրույցում քաղաքական արտահերթ պրոցեսների ակնարկի մասին հարցին, Վ. Հովհաննիսյանն ընդգծել է.

–Մենք ելնում ենք զուտ սահմանադրական ժամկետներից՝ 2017-18թթ. խորհրդարանական և նախագահական ընտրություններ, սակայն կուսակցությունն ինքը պատրաստ է ցանկացած ֆորսմաժորային զարգացման։ Եվ Ծառուկյանի երեկվա հարցազրույցի վերջում անուղղակի ակնարկներ կային, որ կուսակցությունում կա ծրագիր, ներկուսակցական հանձնարարականներ, և, այո՛, մենք պատրաստ ենք ցանկացած զարգացման, ցանկացած սցենարի, թեև ելնում ենք 2017-18թթ. իրականությունից։

Նախորդ հոդվածը‘Մարչեսթրյան ֆանտաստիկ կվինտետը պատրաստ է առաջին համերգին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հիդինգը ընդգրկվել է Նիդեռլանդների թագավորի շքախմբում’