‘ԲՀԿ պատգամավորներ. հեշտ է տնտեսական ձախողումների ֆոնին խաղալ ազգային զգացմունքների վրա ‘

1005

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Հովհաննիսյանն այսօր համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ անդրադարձել են ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովի` Սեւրի պայմանագրի մասին արված հայտարարությանը:

Հիշեցնենք, որ ի պատասխան իշխանությունների այն հայտարարությունների, թե կոալիցիոն հուշագիրը շարունակում է ուժի մեջ մնալ, ԲՀԿ-ից արձագանքել էին, թե դա նույնն է, եթե ասես, որ ուժի մեջ է Սեւրի պայմանագիրը: Ի պատասխան, Շարմազանովը հայտարարել էր, թե «ԲՀԿ խմբակցության պատգամավորները շատ անհաջող համեմատություն են արել՝ կոալիցիոն հուշագիրը համեմատելով Սևրի պայմանագրի հետ, քանի որ Հայաստանի իշխանությունները երբևէ չեն հայտարարել, որ հրաժարվում են այդ պայմանագրից»: 

Վահե Հովհաննիսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի պատասխան հայտարարության մեջ ասված է.  

«Ի պատասխան Է. Շարմազանովի` Սևրի պայմանագրի վերաբերյալ արված դատողությունների, ցանկություն է առաջանում անել ընդամենը մեկ-երկու դիտարկում:

• Գյուլի հետ ֆուտբոլային դիվանագիություն խաղալիս կամ Դավութօղլու հետ արձանագրություններ ստորագրելիս արդյո՞ք այդ մասին տեղյակ պահե՞լ եք թուրքական կողմին:

• Ֆուտբոլի Ազգային հավաքականի համազգեստից մեկ խաղով (Թուրքիայի հետ հանդիպման ժամանակ) Արարատի պատկերը հանելը դարձյա՞լ բխում էր Սևրի պայմանագրի հիմնադրույթներից:

 

Հ.Գ. 1. Շարմազանովի դիտարկումները ստիպեցին եւս մեկ անգամ ուշադիր ընթերցել հայ-թուրքական ստորագրված արձանագրությունները: Եվ այնտեղ, իրոք, Սևրի մասին ոչինչ չկար: Ոչ մի անդրադարձ: Անգամ ակնարկ։

 

Հ.Գ. 2. Սևրի պայմանագիրը մեր բոլորի երազանքներում է: Բայց որպեսզի այդ երազանքը մի օր իրակություն դառնա եւ իրապես լինի ուժի մեջ, մենք պարտավոր ենք այսօր հզորացնել մեր փոքր Հայաստանի ու փոքր Ղարաբաղի անվտանգությունը, տնտեսական հզորությունն ու ժողովրդավարությունը: Անել հնարավորը, որ մարդիկ չլքեն Հայաստանն ու Ղարաբաղը, ապրեն այստեղ վստահ ու արժանապատիվ: Ցավոք, այսօր միանգամայն հակառակն է:

 

Հ.Գ. 3. Շատ հեշտ է տնտեսական ձախողումների ֆոնին խաղալ ազգային զգացմունքների վրա։ Բայց դա բնավ լավ ճանապարհ չէ: Կա շատ ավելի դժվար, բայց ազնիվ ճանապարհ` որպես նպատակ ձևակերպել Հայաստանի և Ղարաբաղի հզորացումը, ինչից վերջին տարիներին անշեղորեն հեռանում ենք: Ցավոք:

 

ԱԺ պատգամավորներ`

Նաիրա Զոհրաբյան

Վահե Հովհաննիսյան»

 

Նախորդ հոդվածը‘Չիկի Բեգիրիստայնի հայտնվելը «Մանչեստեր Սիթի»-ում և դրա հնարավոր հետևանքները’
Հաջորդ հոդվածը‘«Կուբանը» Պիցելիի շնորհիվ հաղթեց «Ռոստովին»’