‘ԲՀԿ պատգամավոր. Կառավարությունում սուտն ու ապատեղեկատվությունը սկսում են համատարած բնույթ կրել’

2116

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է, որ դեռ նախորդ ամիս ԿԳ նախարարություն էր ուղարկել գրություն՝ խնդրելով «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին ներկայացնել բարձր առաջադիմությամբ, սոցիալապես անապահով ուսանողների ցուցակ, սակայն նախարարությունը ԱԺ պատգամավորի գրությունը թողել է անպատասխան՝ զրկելով ուսանողներին կրթաթոշակ ստանալու հնարավորությունից:
«Իրականացվող ողջ փաստաթղթաշրջանառությունը տեղադրեցի ֆեյսբուք սոցիալական ցանցում, որից հետո նոյեմբերի 20-ին ԿԳ նախարարության պաշտոնական կայքում տեղադրվեց գրություն, համաձայն որի՝ նախարարությունից եղել է պատասխան, որը, «չգիտես ինչու», ստացա այսօր»,-տեղեկացնում է Էնֆիաջյանը՝ հավելելով, որ ԿԳ կայքում տեղադրված գրությունը և իր ստացածը, «մեղմ ասած՝ չեն համապատասխանում»:

Էնֆիաջյանը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ նախարարության կայքում տեղադրված պատասխանի և իր ստացած գրության ելից համարները իրարից տարբերվում են, իրեն ուղարկված գրության մեջ առհասարակ բացակայում է ելքի օրն ու ամիսը, իսկ փոստային առաջին կնիքը ծրարի վրա դրված է նոյեմբերի 18-ով, այն դեպքում, որ ԿԳ նախարարության ելքային կնիքի վրա առհասարակ բացակայում է որևէ ամսաթիվ:

Էնֆիաջյանը, զուգահեռ անցկացնելով Կրթության և Սպորտի ու Երիտասարդության հարցերի նախարարությունների միջև, նշում է. «Մեկ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարն է վարչապետին պաշտոնապես ասում, որ ստացել է աշխատակազմի ղեկավարի հրաժարականի դիմումը, սակայն առ այսօր ոչ ոք չի տեսել նման դիմում: Մեկ ԿԳ նախարարությունն է իրեն անընկալելի դրսևորում: Ցավալի է, բայց մարդ սկսում է չզարմանալ կառավարության նման գործելաոճից: Կոչ եմ անում վարչապետին առավել զգոն և ուշադիր լինել, քանզի կառավարությունում սուտն ու ապատեղեկատվությունը սկսում են համատարած բնույթ կրել»:

Նախորդ հոդվածը‘Լիտվայի վարչապետ. Ուկրաինան առայժմ մտադիր չէ ստորագրել ասոցացման համաձայնագիրը’
Հաջորդ հոդվածը‘Իրակլի Գարիբաշվիլին դարձավ Վրաստանի նոր վարչապետը’