‘ԲՀԿ ցուցակից 21 հոգի ինքնաբացարկի դիմում է ներկայացրել’

1015

ԲՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկված անձանցից 21-ը ինքնաբացարկի դիմում է ստացվել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում նշել է , որ ինքնաբացարկ են ներկայացրել ցուցակի 65֊րդ և հաջորդող տողերը զբաղեցնող անձինք:

Հիշեցնենք, որ երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Ազգային ժողովից ստացել է արձանագրություն Գրիգոր Գրիգորյանի (ԲՀԿ) պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ: Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ընտրական ցուցակից 21 թեկնածուների ինքնաբացարկի մասին դիմումներ:

«Արձանագրությունը ստանալուց հետո ԿԸՀ-ն, ըստ ընթացակարգի, 7-օրյա ժամկետում գումարում է նիստ, և թափուր մնացած մանդատը տրվում է հաջորդ համարին», — նշել է ԿԸՀ ներկայացուցիչը:

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խոսնակ Տիգրան Ուրիխանյանը «Ազատությանը» փոխանցել է, որ դիմումների պատճառը «կայացված որոշումն է, որն իրականացվել է օրենքի տառի պահանջի շրջանակներում»․ — «Այսինքն՝ ներկուսակցական ժողովրդավարության և իրավական հարթություններում: Եթե նույնիսկ կլինեն ինչ-որ այլ կարծիքներ կամ մեկնաբանություններ, դրանք բոլորը կկրեն ուղղակի սուբյեկտիվ բնույթ»:

Ամենայն հավանականությամբ, ԱԺ պատգամավոր կդառնա ԲՀԿ ցուցակի 88-րդ հորիզոնականում գտնվող Տիգրան Ներսիսյանը, որը «Հրազդանի հաց» ՍՊԸ գլխավոր հաշվապահն է:

Հիշեցնենք նաև, որ ԲՀԿ համամասնական ցուցակի 73-րդ և 77-րդ հորիզոնականնները համապատասխանաբար զբաղեցնող Գրիգորի Մարգարյանը և Դավիթ Քոչարյանը պատգամավոր են ընտրվել մեծամասնական ընտրակարգով:

Նախորդ հոդվածը‘Գլխավոր բանակցողը հրաժարական է տվել (լրացված)’
Հաջորդ հոդվածը‘Դիդիե Բուրկհալտերը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ’