‘Բյուջետային քննարկումներ ԼՂՀ Ազգային ժողովում ‘

1784

Դեկտեմբերի 17-ին Արցախի հանրապետության Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը հերթական ընդլայնված նիստում շարունակեց «2013թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի և հարակից օրինագծերի ամփոփիչ քննարկումները։

Նիստին ներկա  էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, խորհրդարանի այլ մշտական հանձնաժողովների անդամներ։

Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը։ Օրակարգում հարկային դաշտին առնչվող օրինագծերն էին, որոնց վերաբերյալ  հաղորդմամբ հանդես եկավ ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ Արտակ Բալայանը։ Համապատասխան հիմնավորումներ ներկայացնելով «Շահութահարկի մասին», «Եկամտահարկի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին», «Առևտրի հարկի մասին», «Հարկերի մասին», «Հաստատագրված վճարների մասին», «Արտոնագրային վճարների մասին», «ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին», «Ակցիզային հարկի մասին», «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» և «Դրամարկղային գործառնությունների մասին» գործող օրենքներում առաջարկվող փոփոխությունների ու լրացումների վերաբերյալ, կառավարության պաշտոնական ներկայացուցիչն այնուհետև, պատասխանեց պատգամավորների հարցերին՝  հանդես գալով լրացուցիչ պարզաբանումներով։ 

Մտքերի փոխանակության արդյունքում հանձնաժողովը միաձայն որոշում ընդունեց խնդրո առարկա, ինչպես նաև նախորդ ընդլայնված նիստում քննարկված օրինագծերը դրական եզրակացությամբ ներկայացնել խորհրդարանի լիագումար նիստի քննարկման, հայտնոմ է Արցախի հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

 

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում կինը ծննդաբրել է խցանման մեջ ‘
Հաջորդ հոդվածը‘Ռետրո մամուլ. Լեւոն Տեր-Պետրոսյան. Միջազգային հանրությունն ընդունում է Ղարաբաղը՝ որպես ինքնուրույն քաղաքական գործոն ‘