‘Բնական է, չէ՞, որ մտքովս անցավ, թե որտեղ են «վճռականները»’

1678

Այս պահին, երբ գրում եմ այս ռեպլիկը, Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքի մեկնարկին մնացել է քառասուն րոպե: Օրը բարի է, հայ ժողովրդի  Զարթոնքի 25-ամյակն է այսօր: Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, որ ժողովուրդն իրեն 80 տոկոս ձայն է տվել, ես էլ հավատում եմ ու չեմ քննարկում: Վստահ եմ, որ ում ասես` Հայաստանի քաղաքացիները ձայն կտային, Սերժիկ Սարգսյանին չէին տա: Չեմ կասկածում, որ այս նույն Սերժիկ Սարգսյանի ձեռքն այս անգամ էլ չի դողա, և առանց երկմտելու՝ նորից Հայաստանի քաղաքացիների արյունը կթափի` իր զավթած աթոռը պահելու համար:

Ահագին հանդիսավոր պահ է, չէ՞, ոնց որ թե: Ու բնական է, չէ՞, որ մտքովս անցավ, թե որտե՞ղ են այն «վճռականները», որոնք լքեցին Հայ ազգային կոնգրեսը կամ լքելու կեսճամփին են: Եթե հիշում եք, օրերն ու շաբաթներն արդեն ամիսներ ու տարիներ են դարձել, բայց սրանց միակ գործը մինչ օրս միմիայն հնարավոր բոլոր տեղերում և հնարավոր բոլոր միջոցներով Կոնգրեսի և նրա առաջնորդի «անվճռականության» դեմ խոսելն է: Մեղմ ասած:

Լավ, ինչ եղել է` եղել է, «չմանրանանք»: Իրենք ոչինչ չկարողացան անել (իսկ ես հավատում եմ, որ նրանք անկեղծորեն ուզում են ինչ-որ բան անել, այսինքն` Հայաստանը փրկել Սերժիկ Սարգսյանի հանցավոր ռեժիմից), բայց հո ժողովուրդն այս ընտրություններից հետո սկուտեղի վրա իրե՞նց մատուցեց վճռական լինելու մեծ հնարավորությունը: Որտե՞ղ են էս մեր անձնազոհ հերոսները: Թե իրենց էժանագին սազանդարները որտեղ են՝ գիտեմ: Ֆեյսբուքում են և միշիկական լրատվամիջոցներում: Եւ ի՞նչ են անում սրանք: Կարծում եք` զօրուգիշեր ոգևորում են իրենց «բազմահազարանոց շարքերին», որ գնան ու միանան Րաֆֆիին ու իրենց հետ միասին զոհվե՞ն հանուն հայրենիքի: Չէ, էլի իրենց սիրած գործով են զբաղված… Քննարկում են (էլի` մեղմ ասած)` Լևոն Տեր-Պետրոսյանը կմիանա՞ Րաֆֆիին, թե՞ ոչ, ինչու՞ էն ժամանակ, երբ Րաֆֆին սափրվել էր` Հայաստանի հիմնադիր նախագահը չբարևեց նրան, կոնգրեսականներից  ով ինչ ասաց և ինչպես ասաց, գնացի՞ն Րաֆֆիի ասուլիսին, թե՞ չգնացին…

Դեռ չեմ ուզում սրանց ախտորոշումը տալ: Այս տողերը գրելիս դեռ քսանհինգ րոպե կա Րաֆֆիի հրավիրած հանրահավաքի մեկնարկից:

Մեկ էլ տեսար` էս արանքում հիշեն, թե ինչու լքեցին Հայ ազգային կոնգրեսը: Տարիներով սպասել ենք՝ մի օր էլ կսպասենք:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Կարեն և Սոս Ջանիբեկյանները հանդես կգան «Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Փակված ճանապարհների եւ գծերից հանված երթուղայինների մասին տեղեկություններ չկան ‘