‘Բնակարանամուտ կամ՝ «Ասեցինք՝ արի տուն, արի տուն, վերջը մենք էլ էկանք մեր տուն»’

177802

Էնքան լավ եմ քնել՝ մանկան անմեղ քնով: Երևի պատճառն էն էր, որ երեկ երեկոյան հեռուստացույցի ալիքները «թերթելիս» «Արմենիայի» լուրերով լսեցի, որ մի քանի նախարարություններ տեղափոխվել են Վազգեն Սարգսյան 3 հասցեում գտնվող կառավարության նոր մասնաշենք: Ընդ որում՝ առաջինը տեղ է հասել կրթության նախարարության «բաժինքը»՝ օժիտը, էլի՝ այսինքն. «բաժինքն» ու «օժիտը» հեռուստատեսության լրագրողի բնորոշումներն են: Ու դատելով լրագրողի կատակից՝ կառավարությունը լավ էլ օժիտ ունի՝ «բերում են ու բերում՝ պրծում չկա»: Ճիշտ է, նախարար Արմեն Աշոտյանի անունով «զգաստացնող» ցուցանակը դեռ չկա, բայց շուտով դա էլ կհայտնվի նրա աշխատասենյակի դռանը (որ ճիշտն ասեմ, էս «զգաստացնողը» մի քիչ ինձ էլ «զգաստացրեց». մինչև հիմա ես միայն Աշոտյանին «զգաստացնող» կոչերից էի տեղյակ):

Կրթության նախարարությանը հաջորդում է Սփյուռքը: «Ասեցինք՝ արի տուն, արի տուն, վերջը մենք էլ էկանք մեր տուն»,- «սրամտում» է նախարարության պաշտոնյան: Շատ սրամիտն են, է՛, սրանք:

Սրանց հարևանն էլ մշակույթի նախարարությունն է լինելու, հետո կգան Արտաքին գործերն ու Արդարադատությունը…

Հիմա կմտածեք՝ էս լուրի ի՞նչն էր ինձ էդքան ոգևորել ու մանկան անմեղ քուն պարգևել: Մանավանդ որ հենց նախօրեին քաղաքի անվանի դպրոցներից մեկում աշխատող բարեկամուհիս, էս էլ որերորդ անգամ, շատ գունագեղ պատմում էր իրենց դպրոցում ու առհասարակ՝ կրթության ոլորտում տիրող վարքուբարքի, դպրոցի տնօրենի՝ ժառանգական դարձած ու մորից դստերը փոխանցվող պաշտոնի մասին (մի կողմ թողնենք էն ամենը, ինչ գիտեն բոլորը՝ այդ ոլորտի գործունեության վերաբերյալ՝ ընտրությունների ընթացքում), իսկ մեր վերևի հարևանն էլ ճամպրուկներն էր կապում՝ ընտանիքով «տնից» ընդմիշտ գնալու նպատակով…

… Ճիշտն ասեմ՝ առավոտը շուտ արթնացա ու միացրի համակարգիչս, գտա «Արմենիայի» լուրերի երեկվա թողարկումը ու նորից նայեցի էս սյուժեն, որպեսզի համոզվեմ, որ չեմ սխալվել: Հիմա էլ եմ համոզված, որ չեմ սխալվել: Բայց էն միակ նախադասությունը, որն ինձ մանկան անմեղ քուն պարգևելու հիմնական «մեղավորն» էր, ճիշտն ասած՝ տեքստում չգտա… Երդվում եմ, որ ես դա լսել եմ, որովհետև իմ երևակայությունը թեև լավ էլ զարգացած է, բայց ո՛չ էդ աստիճանի, որ ինքս լինեի էդ նախադասության հեղինակը: Չչարաշահեմ ձեր համբերությունը, բայց մի անգամ էլ շեշտեմ, որ ես երեկ իմ ականջով լսել եմ այդ նախադասությունը. լրագրողն իր ռեպորտաժում հավաստիացրեց, որ չնայած տեղափոխման խառնաշփոթին ու եռուզեռին՝ նախարարներն իրենց կապը չեն կտրում նախկին աշխատասենյակների, այսինքն՝ նախկին կաբինետների հետ, որպեսզի  մեկ րոպե անգամ աշխատանքը կանգ չառնի

Ահա~ թե ինչու եմ էդքան հանգիստ քնել: Մեր կառավորությունը ինչ-որ «անբան Հուռի» չի, է՛, նա ոչ միայն հարուստ օժիտ ունեցող, այլև՝ ժրաջան, աշխատասեր հարսիկ է, էնպես որ՝ դու գնա հանգիստ քնիր, աղջիկ ջան, մեր նախարարները մշտապես «կապի մեջ» են, պատկերավոր  ասած՝ ձեռքները միշտ զարկերակի վրա պահած են: Իսկ դու՝ հանգի~ստ, միայն թե հանգի~ստ, գլուխդ դիր բարձին ու վստահ եղիր, որ նրանք սկի դա էլ չեն անում, այսինքն՝ գլուխները չեն դնում բարձին, որ դրանից առաջ մտածեն հայրենիքի մասին, բայց անընդհատ մտածում են՝ առանց մեկ րոպե անգամ դադար առնելու: Դե ինչ, շնորհավոր ձեր բնակարանամուտը, մեր անխոնջներ: Իսկ ես գնամ մի քիչ էլ քնանամ:

Հ.Գ. Մտքովս գիտե՞ք ինչ անցավ. էս մեր Սփյուռքի նախարարությունը, որ ինչքան ժամանակ է՝ ասում է «Արի՛ տուն», «Արի՛ տուն», երևի ընդամենը աուտոտրենինգով՝ ինքնաներշնչմամբ է զբաղվել, և դրա արդյունքն ակնհայտ է: Ճիշտ է, ինձ համար պարզ չի, որ եթե Սփյուռքի նախարարությունը նոր-նոր է իր «տուն» գալիս, մինչ էդ ո՞ւր էր կանչում մեր սփյուռքահայ հայրենակիցներին: Բայց դա էական չի. հիմա մտածում եմ՝ աղջկաս ու փեսայիս ասեմ, որ իրենք էլ էդ աուտոտրենինգն  անեն, գուցե իրենց էլ հաջողվի, չեմ ասում՝ Սփյուռքի նախարարի նոր «բնակարանի» պես շքեղ, բայց գոնե՝մի սենյականոց տուն ձեռք բերել: Հը՞ն, ի՞նչ կասեք:

Սեդա Մեսրոպյան

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի որոշ առանձնահատկություններ’
Հաջորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Ասելիք’