‘Բնակիչներին դեռ չհանդիպած, թաղապետը ստացե՞լ է նրանց հավանությունը’

1019

Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադարձ է եղել նաև Սունդուկյան 90 հասցեի բակային տարածքում վարչական շրջանի ներկայացուցիչների և բնակիչների միջև ծագած խնդրին:   «Նախորդ շաբաթ որոշ լրատվամիջոցների կողմից շահարկված Սունդուկյան փողոցի 90 շենքին  հարակից բակային տարածքում նախատեսված աշխատանքների հետ կապված` Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը զեկուցել է, որ բնակիչների հարմարավետ հանգստի կազմակերպման նպատակով նախատեսվել է բակի բարեկարգում: Համաձայն զեկույցի՝ որոշ բնակիչների կողմից տարիներ առաջ զավթած հողակտորների մի մասը ծառայել են որպես բոստանային տարածքներ, մյուս մասում էլ եղել են ավտոտնակներ, որոնք ապամոնտաժվել են»,- տեղեկացնում է քաղաքապետարանի կայքը:    Հիշեցնենք, Սունդուկյան փողոցի տվյալ հասցեի 3 շենքերի ընդհանուր բակում, բնակիչների տնկած ծառերով կանաչ տարածքը բարեկարգելու նպատակով շինտեխնիկայով ներկայացած բանվորներին, ապա ավելի ուշ նաև Արաբկիրի թաղապետի տեղակալին բնակիչները թույլ չէին տվել իրենց այգում որևէ աշխատանք կատարել:   Ըստ պաշտոնական տեղեկատվության, «վարչական շրջանի ղեկավարը նաև զեկուցել է, որ սույն աշխատանքների շրջանակում մշակվել է տարածքի բարեկարգման էսքիզային նախագիծ, որը ներկայացվել է բնակիչներին ու արժանացել նաև նրանց հավանությանը»:   Քանի որ քաղաքապետարանի հրապարակած տեղեկատվությունը չի մանրամասնում, թե ինչ նախագծի մասին է խոսքը և ինչ են ի վերջո անելու նախկին «բոստանների» տեղում վարչական շրջանի ներկայացուցիչները, մենք փորձեցինք այս հարցի պատասխանը ստանալ բնակիչներից:   Մեր զրուցակից Անահիտ Թադևոսյանը նշեց. «Մի քանի օր առաջ ինչ-որ եդեմական այգու նկար էեն բերել, կպցրել շենքի պատին, երևի ինտերնետից են տպել, մեր այգու հետ ոչ մի կապ այդ նկարը չուներ»:   Ապա լսելով, թե այդ նախագիծը արժանացել է իրենց հավանությանը տիկին Անահիտը զարմացավ. «Մեզ հետ ոչ ոք չի հանդիպել, ոչ մի նախագիծ չի քննարկել»: Ավելին, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ թաղապետի հետ հանդիպումն այսօր միայն ժամը 17:00-ին է նշանակված Արաբկիրի թաղապետարանում: «Մեզ կանչել են թաղապետարան, որ թաղապետի հետ հանդիպենք, քննարկենք, թե ինչ է լինելու մեր բակի ճակատագիրը»: Փաստորեն, բնակիչների հետ հանդիպումը դեռ չկայացած Արաբկիրի թաղապետը քաղաքապետարանում հայտարարել է որ արդեն ստացել է բնակիչների հավանությունը:

Նելլի Դանիելյան/pastinfo.am

Նախորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Ս.Սարգսյանն իրեն համարում է այդ խմբավորումների քաղաքական ղեկավարը’
Հաջորդ հոդվածը‘Եռօրյա սեմինարներ՝ Հայ ազգային կոնգրեսի և Եվրոպայի լիբերալ-դեմոկրատական ալյանսի համագործակցությամբ’