‘Բնակչության կողմից ցածր պահանջարկը եւ բարձր հարկերը խոչընդոտում են ՓՄՁ զարգացմանը Հայաստանում’

843

«Ամերիան» ներկայացրել է հերթական հետազոտությունը: Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում «Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, հետազոտության արդյունքները թույլ են տալիս արդյունավետ գնահատել ՓՄՁ-ների ներկա իրավիճակը, սպասումները, նախասիրությունները, ոլորտի զարգացման խոչընդոտները, ինչպես նաև կանխատեսել զարգացման միտումները:

Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական նկարագիրը, ՓՄՁ ոլորտի նկարագիրը Հայաստանում, հարաբերությունները բանկային համակարգի հետ, խորհրդատվական և այլ մասնագիտական ծառայությունների նկատմամբ կարիքները, ՓՄՁ ոլորտի կարգավորումը Հայաստանում: Այն միաժամանակ տալիս է համեմատականներ այլ երկրների հետ:

Ամերիան հետազոտության համար դիտարկել է ընդհանուր քանակով 1003 ՓՄՁ, որից 655 ՓՄՁ-ն Երևան քաղաքից, 144-ը Գյումրիից, 152-ը Վանաձորից, 52-ը Դիլիջանից: Հետազոտությամբ պարզվել է, որ դիտարկված ՓՄՁ-ների 74.7%-ը գերփոքր է, 20.2 %-ը` փոքր, 5.1%-ը`միջին չափի (խմբավորումը կատարված է համաձայն Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի):

Հետազոտության արդյունքները վկայում են, որ դիտարկվող քաղաքներում ՓՄՁ-ների 47.6%-ը զբաղվում է առևտրով, 34.4%-ը` ծառայություններով, 15.5%-ը`արդյունաբերությամբ, 2.2 %-ը` շինարարությամբ: Առևտուրը գերակշռում է գերփոքր ՓՄՁ-ների մոտ` 55.2%:

Բանկերի հետ ՓՄՁ-ների գործունեությունը ուսումնասիրելիս պարզվել է, որ ՓՄՁ-ների համար առավել պահանջված բանկային պրոդուկտներն են վարկերը և փոխանցումները, իսկ բանկ ընտրելու համար ամենակարևոր գործոնը սպասարկման արագությունն է:

ՓՄՁ-երի ոլորտում մրցակցության աշխուժացում է նկատվում առավելապես միջին ձեռնարկությունների շրջանում, քան փոքրերի մոտ: Միջինների համար մրցակցության մակարդակի աշխուժացումը վկայում է ինչպես միմյանց միջև, այնպես էլ խոշոր կազմակերպությունների հետ մրցակցության թեժացման մասին:

Ամերիայի փորձագետները բացահայտել են, որ ՓՄՁ-ների զարգացմանը հիմնականում խոչընդոտում են բնակչության ցածր պահանջարկը և բարձր հարկերը: Գյումրիում և Վանաձորում որպես խոչընդոտ ավելի մեծ կարևորություն ունի արտագաղթը, քան Երևանում և Դիլիջանում:

Հետազոտության արդյունքներն առավել մանրամասնությամբ կներկայացվեն  սույն թվականի հոկտեմբերի 15-ին նախատեսվող շնորհանդեսի ժամանակ:

 

Նախորդ հոդվածը‘Զվարթնոցի հին շենքի հիմքն ամրացնելու անհնարինության վերաբերյալ պնդումներն անհիմն են’
Հաջորդ հոդվածը‘Վիճակագրություն. Իտալիան ԵՐԲԵՔ չի պարտվել ԱԱ ընտրական փուլի տնային խաղերում’