‘Բնապահպանը մատնանշել է 2014 թ. էկոլոգիական խնդիրները’

952

Սևանա լճի վիճակը և Արարատյան դաշտավայրում ստորգետնյա ջրային հորիզոնների մակարդակի իջեցման հետ կապված իրավիճակը Հայաստանի գլխավոր էկոլոգիական խնդիրներն են, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի ղեկավար Կարինե Դանիելյանը:

Փորձագետը հիշեցրել է, որ ընթացիկ տարվա սկզբին լճում արդեն արձանագրվել է 3 սմ բացասական հաշվեկշիռ: Մինչդեռ տարվա ընթացքում իրավիճակն ավելի է վատթարացել է. դեկտեմբերի 1-ի տվյալներով, բացասական հաշվեկշիռը կազմել է 7 սմ: Դանիելյանի խոսքով, Սևանա լճի մակարդակի մշտական տատանումները մեծ վտանգ են պարունակում լճի համար:

Ինչ վերաբերում է Արարատյան դաշտավայրին, այստեղ ջրային տնտեսություններին ջրօգտագործման թույլտվություններ տրամադրելու պատճառով ստորգետնյա հորիզոններն իջել են մի քանի մետրով:

Դանիելյանը նշել է, որ իրավիճակն Արարատյան դաշտավայրում կայունացման կարիք ունի, հակառակ դեպքում` կմեծանան անապատացման ռիսկերը:

Ինչպես ավելի վաղ հայտնել է ՀՀ ԱԻՆ Հիդրոօդերևութաբանական ծառայության հիդրոլոգիայի կենտրոնի պետ Լևոն Ազիզյանը, 2014 թ. վերջին Սևանում կարձանագրվի 9-12 սմ բացասական հաշվեկշիռ: Հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախորդ հոդվածը‘ Օմբուդսմենը հնարավոր է համարում Հրաչյա Հարությունյանի էքստրադիցիան’
Հաջորդ հոդվածը‘Գուրգեն Արսենյան. Հայաստանում դիտվում են արտարժույթի ազատ լողացող փոխարժեքի տարօրինակ դրսևորումներ’