‘Բնապահպաններն ահազանգում են Սյունիքի բնապահպանական աղետալի վիճակի մասին (տեսանյութ)’

997

Հունիսի 25-ից  30-ը Համահայկական բնապահպանական ճակատն (ՀԲՃ) այցելել էր Սյունիք: Այցի նպատակն էր փաստագրել մարզում առկա հանքավայրերի ու պոչամբարների ընթացիկ վիճակը և բնապահպանական խնդիրները: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԲՃ-ի անդամ Եղիա Ներսիսյանը:
Նրա փոխանցմամբ՝ մարզում բնապահպանական վիճակը անմխիթար էր: Եղիա Ներսիսյանը նկատեց, որ սյունեցիներին բերել են այնպիսի վիճակի, որ նրանք չկարողանան այլ միջոցներով գոյատևել: Այդ իսկ պատճառով, չնայած բնապահպանական առկա աղետալի վիճակին՝ նրանք համակերպվում են:  Թեև մասնավոր զրույցներում տեղի բնակիչներն ահազանգում են, որ հանքավայրերը լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում, մասնավորապես՝ խանգարվում են վերարտադրողականության ֆունկցիաները, երեխաները ծնվում են անոմալիաներով:
Ասուլիսին ներկա գտնվող «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության հիմնադիր անդամ Լևոն Գալստյանի փոխանցմամբ՝ ՀԲՃ-ի անդամներն այցել են նաև Գեղի գետի վերին հոսանքներում շահագործվող Հանքասարի հանքավայր: Բարձրանալով Գեղի գետի վերին հոսանքները՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերև, և երեկոյան հասնելով հանքավայր՝ բնապահպաններն ականատես են լինում վթարային իրավիճակի:
Բանախոսները տեղեկացրին նաև, որ որ տվյալ հանքը շահագործվում է «Լեռ-էքս» ՍՊԸ-ի կողմից, որի հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է լեռան կատարին, իսկ ձորի մեջ գործում է պոչամբար, որը, բնապահպանների կարծիքով՝ կառուցված է սխալ և գործում է խախտումներով:
Ըստ պոչամբարի պահակների՝ նախորդ օրը հանքի պոչամբարի տարածքում վթար է տեղի ունեցել. պոչամբարի կողքով անցնող խողովակը, որի միջով հոսում է լեռնային գետը, պայթել է:
«Խառնվելով պոչամբարի թափոնների հետ՝ թունավոր թափոնաջրերն իրենց հերթին հոսել-խառնվել են Գեղի գետի ջրերին, ինչը լրջագույն վտանգ է շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նկատեց նա՝ շեշտելով, որ վթարը տեղի է ունեցել հունիսի 25-ին, սակայն դա խնամքով թաքցրել են:

Նախորդ հոդվածը‘Շտեֆան Ֆյուլեն երեկոյան կժամանի Հայաստան’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյորը» շնորհակալություն է հայտնում Հենրիխ Մխիթարյանին’