‘ Բնապահպաններ. Թուխմանուկի հանքավայրի շուրջ հանրային լսումները վերածվում են ֆիկցիայի’

936

«Մեգո գոլդ» լեռնահանքային ընկերությունը չի կորցնում Թուխմանուկի հանքավայրում երրորդ պոչամբարի կառուցման նախագիծն իրականացնելու հույսը:

Անցած տարի հիշյալ նախագիծը բնապահպանների բացասական գնահատականին էր արժանացել, իսկ հետո ստացել Բնապահպանության նախարարության բացասական բնապահպանական եզրակացությունը: Սակայն, ինչպես պարզվել է, այս տարի «Մեգո գոլդը» հապշտապ կերպով նորացված նախագծի շուրջ հանրային լսումներ է անցկացնում` անտեսելով, ինչպես նշում են բնապահպանները, օրենքով սահմանված բոլոր ժամկետները:

Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Eco Right» կազմակերպության նախագահ Արթուր Գրիգորյանը, միայն առաջիկա 3 օրում միանգամից երկու հանրային լսում կանցկացվի: Ստացվում է, որ նախագիծը գնահատելու և իրենց դիտողությունները հայտնելու համար համապատասխան կառույցներին տրվում է ոչ թե 30 օր, ինչպես նշված է օրենքում, այլ ընդամենը մեկ օր:

Բացի այդ, հանրային լսումներն անցկացվում են ոչ թե Մելիք գյուղում, որի մոտ է գտնվում Թուխմանուկի հանքավայրը, այլ`Երևանում: Արդյունքում, ինչպես նշել է Գրիգորյանը, գյուղի բնակիչները զրկվում են նախագծի առնչությամբ իրենց կարծիքը հայտնելու հնարավորությունից: «Ստացվում է, որ հանրային լսումները ձևական բնույթ են կրում: Կարծում եմ`երրորդ պոչամբարի կառուցման հարցի շուրջ Բնապահպանության նախարարութան և «Մեգո գոլդ» ընկերության միջև ներքին պայմանավորվածություն է ձեռք բերվել»,- նշել է փորձագետը: 

Ավելի վաղ «Հայաստանի կանաչների միության» ղեկավար Հակոբ Սանասարյանը նշել էր, որ պոչամբարը կառուցվելու է Քասախ գետի հունի մոտ, որտեղ կան բնակավայրեր` այգիներով, արոտավայրերով, խմելու և ոռոգման ջրի աղբյուրներով: Բացի այդ, Թուխմանուկը գտնվում է Հանքավանի ջրաբանական արգելավայրի անմիջական հարևանությամբ:

Մինչդեռ Թուխմանուկի հանքավայրում, հետևաբար` հանքարդյունաբերական թափոններում պարունակվում են մկնդեղ, սելեն, սնդիկ, ցինկ, վոլֆրամ, որոնք կարող են խիստ վտանգավոր լինել մարդու առողջության համար: Միաժամանակ Թուխմանուկի երկրորդ պոչամբարը ցավալի վիճակում է գտնվում. վերջինիս հատակը և պատերը մեկուսացված չեն կավե շերտով, իսկ չոր եղանակին պոչերի թունավոր փոշին տարածվում է շրջակա միջավայրում:

Անցած տարի բնապահպանները Գլխավոր դատախազությանը կոչ են արել` պարզել Թուխմանուկի հանքավայրի շահագործման լիցենզիայի հետ կապված իրավիճակը: 2005 թ.ընդերքօգտագործման թույլտվության համաձայն, հանքավայրը պետք է շահագործվեր բաց եղանակով 2 տարի, ինչից հետո լեռնահանքային ընկերությունը պարտավոր էր նոր նախագիծ ներկայացնել և անցնել Թուխմանուկի փակ շահագործման: Չնայած այդ պահանջին` «Մեգո գոլդ» ընկերությունը /Global Gold Mining-ի դուստր/, բնապահպանների կարծիքով, կասկածելի միջոցներով երկարացրել է բաց շահագործման լիցենզիան:

Նախորդ հոդվածը‘Եգիպտոսը Ռուսաստանից երկու մլրդ դոլարի զենք կստանա, պարզել է մամուլը’
Հաջորդ հոդվածը‘Թայլանդի դեսպանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Է.Նալբանդյանին’