‘Բնապահպանության նախարարը աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններո՞վ. «Ժողովուրդ»’

2380

«Ժողովուրդ»-ի խմբագրությանը հասած լուրերի համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը շատ վատ «սովորություն» ունի՝ աշխատակիցներին դիմում է կենդանիների անուններով, խոսում է շատ կոպիտ, վիրավորական բառեր հնչեցնում նրանց հասցեին: Մեզ հասած տեղեկություններով՝ անգամ վերջերս նախարարության երկարամյա և մոտ 60 տարեկան աշխատակիցներից մեկի վրա բղավել է ու նրան «ոչխար» անվանել: Եվ ընդհանրապես, աշխատակիցների հետ խոսում է «արա» դիմելաձևով «անասուն ես», «կով ես» բառերով: Նախարարության աշխատակիցները չեն կարողանում հասկանալ, թե ինչու է վերջին նորանշանակ նախարարը նման վարքագիծ դրսևորում: Այնպիսի տպավորություն է, որ Արամայիս Գրիգորյանը բնապահպանության ոլորտից տեղյակ է միայն կենդանիների տեսակներին:

«Ժոդովուրդ»-ը փորձեց այդ լուրերի իսկությունը ճշտել բնապահպանության նախարարից, սակայն նրա հեռախոսն անջատված էր: Իսկ նախարարի մամլո խոսնակ Թեհմինե Արզումանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ իրականում նման բան չկա: Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ հնարավոր է՝ խորհրդակցությունների ժամանակ, աշխատանքային պրոցեսում նախարարը խիստ նկատողություններ անի աշխատակիցներին, բայց երբևէ չի կոպտում, առավելևս բղավում: «Շատ ենք ցանկանում հավատալ, որ նախարարության աշխատակիցը ճշմարտությունն է ասում»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Հայերի պատմություններին Եվրոպայում էլ չեն հավատում. «Առավոտ»’
Հաջորդ հոդվածը‘Ազատության պողոտայում ավտոբուսը բախվել է սյանը, 11 մարդ հիվանդանոցում է’