‘Բնապահպան. Այս պահին թափոնաջրերը գնում-լցվում են Գեղի գետը’

833

Բնապահպան Մարիամ Սուխուդյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում ահազանգում է.

«Այս պահին Համահայկական բնապահպանական ճակատի անդամներ Լևոն Գալստյանը, Եղիա Ներսեսյանը, Սյուզի Պետրոսյանը և Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը գտնվում են Սյունիքի մարզում՝ Ողջի գետի Գեղի վտակի վերին հոսանքների մոտ՝ Աջաբաջ գյուղից մոտ 2 կմ վերև: Նրանք ահազանգում են, որ այս հատվածում «Լեռ — էքս» ՍՊԸ-ի կողմից շահագործվում է հանք, որի հարստացուցիչ ֆաբրիկայից ներքև՝ ձորի մեջ, կառուցված է փոքր, անհասկանալի պոչամբար: Գեղի գետի ջուրը որոշակի հատվածում հոսում է պլաստմասե խողովակների մեջ և անցնում է պոչամբարի կողքով, սակայն խողովակները պայթել են (ամենայն հավանականությամբ՝ գետի վարարման պատճառով), և խողովակների ջուրը լցվում է պոչամբարի մեջ, իսկ պոչամբարից՝ խառնվելով թափոնների հետ, այս պահին թափոնաջրերը գնում-լցվում են Գեղի գետը:

Նախ՝ հարց է առաջանում՝ ո՞ր նախարարությունը կամ պատկան մարմինն է թույլ տվել, որ նման հզորության գետը դրվի պլաստմասե խողովակների մեջ:
Եվ երկրորդ՝ եթե գետը վարարել է, և մեկ օր առաջ տեղի է ունեցել վթար (այս մասին մամուլն արդեն տարածել էր հաղորդագրություն՝ նշելով, որ Ողջի գետի վարարման հետևանքով Կապան-Քաջարան ճանապարհի 13-րդ կմ-ում գտնվող երկու կամուրջ է քանդվել), ինչո՞ւ հանքի աշխատանքները չեն դադարեցվել և ինչո՞ւ են աշխատանքները շարունակվում մինչև այս պահը:

Բնապահպաններն այս մասին ահազանգել են ԱԻՆ-ին՝ տեղյակ պահելով կատարվողի մասին: Այս հաղորդագրությամբ մենք նաև ահազանգ ենք փոխանցում ՀՀ Բնապահպանության նախարարությանը և ՀՀ Ոստիկանությանը՝ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար»:

Նախորդ հոդվածը‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Մոտենում է Մարտակերտ շրջկենտրոնի ազատման պահը ‘
Հաջորդ հոդվածը‘Գոնսալո Իգուաինը տեղափոխվում է «Արսենալ»’