‘ Բնապահպան. Լեռնահումքային արդյունեբերության աճը մեծացնում է անապատացման գործընթաների ռիսկերը’

711

Լեռնահումքային արդյունեբերության աճը Հայաստանում մեծացնում է անապատացման գործընթաների ռիսկերը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «ԷկոԼուր» կազմակերպության ղկավար Ինգա Զառաֆյանը:

Փորձագետը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանում անապատացման ենթակա տարածքների չափերը չեն փոփոխվում: Խոսքը գնում է 81%-ի մասին: Սակայն, վերջին տարիներին հանրապետությունում նոր թափ է հավաքում լեռնահումքային արդյունաբերությունը, ինչը չի կարող չունենալ բացասական ազդեցություն: Զառաֆյանը նշել է, որ հանքանյութի մշակման ծավալների աճը նույնպես նշանակում է լեռնահումքային թափոնների ավելացում, որոնք ոչնչացնում են պտղաբեր և վարելահողերը:

«Վերջին 12-13 տարիներին մեզ մոտ մեծ փոփոխություններ են տեղի ունեցել արդյունաբերական և էներգետիկ կարիքների նպատակով տարածքները հանձնելու առումով»,- ասել է փորձագետը: Նա նաև նշել է փոքր ՀԷԿ-երի հսկայական բացասական ազդեցությունը: «Ըստ մեր տվյալների, մեկ փոքր ՀԷԿ-ին միջին հաշվով «ընկնում է» 10 հազար քառ.մետր ոչնչացված հողատարածք: Եթե դա էլ բազմապատկենք Հայաստանում կառուցված 150 փոքր ՀԷԿ-երի թվով, ապա կստանանք երկրի ընդհանուր տարածքի 1%-ը»,-նշել է Զառաֆյանը:

Փորձագետը նշել է, որ Հայաստանի ջրային ռեսուրները նույնպես վատթար վիճակում են: Դա առաջին հերթին վերաբերվում է Սևանա լճին, որից բազմաթիվ անգամ տեղի են ունենում մեծ ծավալների բացթողումներ: Ինչ վերաբերվում է ջրամբարներին, ապա այս տարվա հունիսի տվյալներով հանրապետության 5 խոշոր ջրամբարները լցվել են միայն կիսով չափ: «Մինչդեռ, այս տարի եղան առատ տեղումներ` անձրևի և ձյան տեսքով: Մեզ համար անհասկանալի է, թե ինչպես կարող է նման պայմաններում ստեղծվել ներկայիս իրավիճակը»,-նշել է Զառաֆյանը:

Նշենք, որ հունիսի 17-ին նշվում է անապատացման և երաշտների դեմ պայքարի միջազգային օրը: Հայաստանի միացել է անապատասման դեմ պայքարի Միջազգային կոնվենցիային 1994 թվականին, որը վավերացվել է 1997 թվականին: 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայում արդեն երկրորդ լրագրողն է զոհվում’
Հաջորդ հոդվածը‘Քուրդ վարչապետը կասկածում է, որ Իրաքը միասնական պետություն կմնա’