‘Բնապահպան. Սեւանից ջրառի ավելացումը սեյսմիկ ռիսկեր է պարունակում’

914

Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը համոզված է, որ Սևանից ջրառի ավելացումն սպառնում է սեյսմիկ ռիսկեր և ջրի որակի վատթարացում:

Տարածքային կառավարման նախարարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջարկում է օրենսդրական փոփոխության միջոցով ավելացնել Սևանից ջրառի առավելագույն ծավալը` մինչև 240 մլն խմ ներկայիս 170 մլն խմ փոխարեն: Որպես հիմնավորում, մասնավորապես, նշվում է, որ Սև ջուր գետը, որն սկիզբ է առնում Արարատյան հարթավայրի ստորգետնյա աղբյուրներից, չի կարող ապահովել ոռոգման համակարգը:

«Ես կտրականապես դեմ եմ դրան, քանի որ դա նշանակում է մեկ սխալը մյուսով ուղղել: Այո, փաստն ակնհայտ է. Արարատյան հարթավայրի ստորգետնյա արտեզյան ավազանն օգտագործել են, պարզապես, բարբարոսաբար, սակայն դա չի նշանակում, թե այժմ հարկավոր է փոխհատուցել Սևանի հաշվին», — նշել է Կարինե Դանիելյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում: Սևանի ջրի մակարդակի բարձրացման ծրագրի իրացման համատեքստում փորձագետը նշել է գոյություն ունեցող ռիսկերը:

«Չի կարելի լճի հետ այդպես վարվել. մեկ բարձրացնել  ջրի մակարդակը, մեկ` իջեցնել: Դա իր մեջ նաև սեյսմիկ ռիսկեր է պարունակում: Բացի այդ, լիճն այժ «ապաքինվում է», բարելավվում են ջրի որակի ցուցանիշները, իսկ տվյալ որոշմամբ մենք կարող ենք կասեցնել այդ գործընթացը», — նկատել է փորձագետը:

Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով, Սևանա լճի ջրի մակարդակը 3 սմ ցածր էր 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես նշել են փորձագետները, լճի բացասական հաշվեկշռի պատճառը 2012 թվականին մեծածավալ ջրառներն են: Այն ժամանակ որոշում էր կայացվել լճից ջրառը 170 մլն խմ-ից մինչև 313 մլն խմ ավելացնելու մասին: Այդ որոշումը հիմնավորվում էր Արարատյան հարիթավայրի որոգման խնդիրներով:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո» խաբում են երիտասարդ բնակարանատերերին’
Հաջորդ հոդվածը‘Կուսակցությունների ներկայացուցիչների ելույթները Ազատության հրապարակում. Տեսանյութ’