‘Բոգոների մոտ ոստիկանապետ աշխատողը’

2177

Սառույցով դույլի ակցիան հասավ նաև Վովա Գասպարյանին, ով սպասվող «Թեժ աշնան» մասին հայտարարություններին ի պատասխան ` հայտարարեց, թե ունի «սառը ցնցուղ»:  

Իհարկե, մեր բարեպաշտ քրիստոնյա ոստիկանապետի համար աշնանը մարդկանց ջրելը միայն քրիստոնեության գաղափարախոսությունից բխող «ակցիա է», որը ոչ մի կապ չունի դույլով ակցիայի հետ, սակայն քանի որ Վովա Գասպարյանը համաշխարհային գործընթացներից էլ չի ցանկանում դուրս մնալ, այդ իսկ պատճառով երկու ակցիաները համատեղել է և ստացել իր սեփական «ֆլեշմոբը»:  

Չնայած՝ ինչ-ինչ, սակայն ֆլեշմոբեր ստեղծելու հարցում  վերջինիս մոտ «գաղափարների» պակաս չի կարելի գրանցել.  հիշենք թեկուզ Շանթ Հարությունյանի ու իր ընկերների հայտարարություններն այն մասին, որ ոստիկանական բաժնում Վովա Գասպարյանը ծեծել է իրենց: Բա դրանից էլ ավելի հետաքրքիր «ֆլեշմո՞բ»: 

Աշխարհում էլ որտե՞ղ կարելի է լսել այդպիսի ֆլեշմոբի մասին: Ու թող ամբողջ աշխարհը տեսնի ու «հիանա», թե ինչպիսի քրիստոնեական ազգ ենք մենք, որ ոստիկանապետն իր սեփական ձեռքով է փորձում ստուգել՝ արդյո՞ք ձերբակալվածները հետևում են քրիստոնեական արժեքներին, թե՞ ոչ. այսինքն՝  երբ մի երեսին ապտակում ես, արդյո՞ք երկրորդն էլ են դեմ տալիս, թե՞ ի պատասխան՝ հայհոյում են ոչ քրիստոնեաբար, կամ դատարանում հիշեցնում են արածների մասին:

Ոստիկանապետը օրերս մի հայտարարություն էլ արեց, թե՝ եթե մարդը փոխվող է, ապա կես տարվա կամ մեկ տարվա ընթացքում էլ կփոխվի, իսկ եթե փոխվող չէ, ապա քսան տարի էլ անցնի, միևնույն է՝ նա փոխվողը չէ: Վերջում էլ հավելեց, թե ինքն այդպիսի հարցերին փիլիսոփայորեն է նայում:

Հետաքրքիր է, որ հենց իր պարագայում Գասպարյանը ճիշտ է. ինչպես քսան տարի առաջ, այնպես էլ քսան տարի հետո, նա կրկին նույն Վովա Գասպարյանն է, ում  մասին չար լեզուները տարատեսակ «բամբասանքներ» են տարածում: Օրինակ՝ որ  Բոգոն կամ Նեմեցը կարող են նրան հրամայել հանցագործներին ազատել պատասխանատվությունից, և  նա կենթարկվի նրանց հրամանին: Որ եթե Լիսկան ու Լֆիկը պահանջեն, որ միլպետ նշանակի, նա կնշանակի: Սակայն նման բաներ միայն չար լեզուներն են ասում, իսկ բարի լեզուները ասում են, որ առանց Սերժ Սարգսյանի իմացության՝ նա այդպիսի բան չէր անի:

Նույն ասուլիսի ընթացքում Վովա Գասպարյանը հայտարարեց, թե 2008 թ. մարտի 1-ին, որպես ռազմական ոստիկանության պետ՝ մասնակցել է Կառավարության շենքի պահպանությանը ու նաև մարտի մեկի դեպքերի ավարտից հետո մասնակցել է դեպքի վայրի տեղազննությանը: Հետաքրքիր է, Վովա Գասպարյանն արդյո՞ք գիտի, որ խոստովանական ցուցմունք է տալիս այն մասին, որ մինչև արտակարգ դրության հայտարարելը՝ նա, որպես բանակի ստորաբաժանում, իրավունք չուներ «զբաղվելու» կառավարության շենքի պահպանությամբ, իսկ նույնիսկ արտակարգ դրության հայտարարումից հետո էլ իրավունք չուներ մասնակցելու տեղազննությանը, քանզի բանակի որևէ ստորաբաժանում չունի Երևանի կենտրոնում տեղազննություն իրականացնելու գործառույթ:  Չնայած՝ այս մանրուքները դժվար հետաքրքրեն Վովա Գասպարյանին, կարևորը՝ Բոգոն նրան լավ աչքով նայի:

Ախր բայց ինչո՞ւ ենք ուզում, որ Բոգոյի պես մարդը լավ աչքով նայի ոստիկանապետին, եթե վերջինս նույնիսկ մի Օսպիպյան Վալերիկի եղբորորդու հետ կապված չի կարողանում որևէ գործառույթ իրականացնել: Մենք էլ չարակամորեն ոչ թե փորձում ենք նրա դրության մեջ մտնել, այլ իր այդ դրությունն ի ցույց ենք դնում հասարակությանը:

Բայց ախր ինչպե՞ս ի ցույց չդնենք, երբ Վովա Գասպարյանը հայտարարում է, թե ՀՀ բոլոր կուսակցություններում կան վիժվածքներ: Ախր այս հայտարարությունից հետո ադրբեջանցիները կարող են ասել, որ նույնիսկ Հայաստանի ոստիկանապետն է ընդունում, որ Հայաստանում որևէ մաքուր կուսակցություն չկա, քանզի եթե բոլոր կուսակցությունները իրենց շարքերում հանդուրժում են վիժվածքների, ու այդ մասին հայտնի է ՀՀ ոստիկանությանը, կնշանակի՝ Հայաստանի քաղաքական դաշտը լեցուն է վիժվածքներով, ու այդ վիժվածքներն են որոշում Հայաստանի ճակատագիրը:

Այսքանից հետո պետք է պարզապես մի բան հասկանալ. արդյո՞ք ՀՀ ոստիկանությունում վիժվածքներ կան, թե՞ այն մնացել է Հայաստանի միակ «մաքրագույն» կառույցը՝ իր քրիստոնյա ղեկավարով հանդերձ:

Նարեկ Մելքոնյան

Նախորդ հոդվածը‘Դարպասապահ Ռոժերիո Սենիի 120-րդ գոլը (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնայի» ղեկավարությունը ընդդեմ Ժոան Լապորտայի’