‘Բոլիվիայի քաղաքացիները քվեարկել են չորրորդ ժամկետով Մորալեսի վերընտրության դեմ’

1222

Բոլիվիայի քաղաքացիները քվեարկել են չորրորդ ժամկետով Մորալեսի վերընտրության դեմ

Բոլիվիայի քաղաքացիները հանրաքվեում քվեարկել են Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու դեմ, ինչը հնարավորություն կտար գործող նախագահ Էվո Մորալեսին 2019 թ. վերընտրվել չորրորդ ժամկետով: Այդ մասին վկայում են Բոլիվիայի ԿԸՀ-ի կողմից 220 հազար քվեաթերթիկների հաշվարկի արդյունքները: Փոփոխություններին դեմ է քվեարկել ընտրողների 63 տոկոսը, կողմ՝ 36,8 տոկոսը: Հանրաքվեի մասնակցությունը կազմել է 87 տոկոս:

2013 թ. Բոլիվիայի Սահմանադրական դատարանը Մորալեսին թույլ տվեց երրորդ անգամ անընդմեջ մասնակցել ընտրություններին, թեև երկրի հիմնական օրենքը դա արգելում էր: Դատարանի որոշումն օգնեց, որ 2014 թ. աշնանը կայացած ընտրություններում Մորալեսը հաղթի:

Նույն կերպ՝ սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելով, որոնք երկրի ղեկավարին թույլ էին տալիս ընտրվել երկու ժամկետ անընդմեջ, Մորալեսը կարողացել էր վերընտրվել 2009 թ.: Այդ սահմանադրական փոփոխությունները պատճառ էին դարձել, որ նույն թվականի գարնանը երկրում կոնֆլիկտ ծագի Կոնգրեսի և նախագահի միջև: Ընդդիմությունը արգելափակել էր երկու ժամկետ անընդմեջ ընտրվելու վերաբերյալ օրինագիծը, իսկ Մորալեսն էլ հացադուլ էր հայտարարել, որը տևել էր վեց օր և ավարտվել այն բանից հետո, երբ ընդդիմությունը տեղի էր տվել նախագահի պահանջին: Այդ զիջման դիմաց Մորալեսը օրենքի մեջ ներառել էր ընտրացուցակների ճշտման վերաբերյալ դրույթը, քանի որ, կոնգրեսականների մի մասի կարծիքով՝ նախկին ցուցակները հնացել էին և չէին արտացոլում երկրի իրական իրավիճակը:

Էվո Մորալեսը Բոլիվիայի նախագահի պաշտոնն զբաղեցնում է 2006 թ. հունվարից: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ջեբ Բուշը դուրս է եկել նախագահական ընտրապայքարից’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը կնվազի’