‘Բոլոր «գաստրոլյորները» լավ կանեն՝ ճամպրուկները հավաքեն ‘

1960

— Ես չեմ հավատում ձեր սին խոսքերին.

Չեմ կարող լինել ձեր խոսքի գերին,

Հայոց աշխարհում արյուն է հոսում,

Դուք կանգնել այստեղ ճառեր եք խոսում…

Ե. Չարենց

«Ազգային երազ»

 

Չորս տարի շարունակ եվրոպական ֆրակ կրելու եւ հինգ րոպեում ռուսական վալինկան ոտքերին քաշելու մեղադրանքը ծանր է եկել Սերժ Սարգսյանի սրտին: Հատկապես՝ չի կարողացել նաեւ Առաջին նախագահի խոսքը մարսել: Ընդվզում է` հասկանո՛ւմ եք: Ասվածին որեւէ կերպ հակադարձելու անզուսպ ցանկությանը չի դիմանում:

Արդյունքում` որոշում է Բաղրամյան 26-ում հորինված ներկայացման հերթական արարը բեմ բարձրացնել. իբր` ի՞նչ է պատահել, ճիշտ է` չորս տարի Եվրոպայի հետ էինք բանակցում, բայց այնպես չէր, որ ռուսների հետ առանձնապես լուռ էինք նստում: Հրեն` մի տարի էլ իրե՛նց հետ էինք բանակցում, եւ ահա, հատկապես մեր ազգային անվտանգության շահերը հաշվի առնելով, որոշեցինք հենց Մաքսային միությանն անդամակցել` բաց լինելով նաեւ եվրոպական համագործակցության համար: Ի՞նչ է պատահել, որ աղմկում եք…

Դեռ մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանն այս մասին անձա՛մբ չի ասում հանրությանը, այլ միջնորդավորված` նոր ու հնամաշ սպասյակների շուրթերով: Կարեւորը` ասվում է, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, կարծես` հենց դա էլ պետության ղեկավարի անհրաժեշտ-գործընկերային անկեղծությունն է, որի մասին Տեր-Պետրոսյա՛նն էր խոսել…

«Ձեռ ես տվել` խաղա» հիշյալ սկզբունքն, ի դեպ, չմթագնվեց նույնիսկ Մոսկվայի սրտում  «անՊուտին հայկական եկեղեցու» բացման արարողությամբ: Ստույգ է, որ իշխանությունները հերթական ստորացման ու նվաստացման ապտակը կերան այնտեղ, ինչի առիթով անգամ «ֆիլոս» Արա Աբրահամյանը չկարողացավ լուռ   մնալ, բայց տես որ` փորձում են չերերալ եւ առաջ գնալ հետին թվով գծված «անկեղծության սցենարով»:

Ընդ որում` եթե մինչեւ հիմա բեմում ցուցադրվողը սերժսարգսյանական մոնո-թատրոն էր, ասվածին առավել կշիռ, թափանցիկություն ու անկեղծություն հաղորդելու մղումով որոշվեց բեմադրությունը հագեցնել նաեւ կառավարական ձայներով: Իբր` դուք միայն «ժողգործիքների անսամբլի» աղմուկը մի դիտարկեք, պետությո՛ւն ենք վերջապես, տարբեր օղակներ էլ են այս մի տարվա ընթացքում նստել-մտածել, հարցեր քննարկել, որոշումներ կայացրել: Նաեւ` շարունակում են նստել-մտածել, հարցեր քննարկել, որոշումներ կայացնել…

Կառավարության այսօրվա նիստում, ուրեմն, հենց այս հանգամա՛նքը շեշտող խիստ արտիստիկ շտապողականությամբ` գործադիրը, Տիգրան Սարգսյանի հետ մեկտեղ, հավանություն տվեց Մաքսային միությանն անդամակցելու նպատակով իրականացվելիք առաջնահերթ միջոցառումների ցանկին: Դրանով, ի դեպ, նախատեսվում է ՀՀ համապատասխան իրավական դաշտի եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի համադրում` Մաքսային միության ներսում գործող փաստաթղթերին եւ օրենսդրությանը, համապատասխան բանակցային առաջարկությունների նախապատրաստում, այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում:       

Բայց որպեսզի ոչ մեկի մտքով չանցնի արեւմտամետի պիջակը դեռ հագից չհանող վարչապետին մեղադրել շտապողականության եւ ընդամենը Սերժ Սարգսյանի գրասենյակային կլերկը լինելու մեջ, էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, որ Տիգրան Սարգսյանի  «շտապ օգնությունն» է, հատուկ շեշտով ու խաղով է ակնարկում կատարվածի «տրամաբանականությունը»…

Իբր` քանի որ նախորդ տարի Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումներից մեկի ժամանակ որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը կքննարկեր Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու հնարավորությունները, վարչապետի հանձնարարականով, նախորդ տարվա դեկտեմբերին արդե՛ն իսկ ստեղծվել էր աշխատանքային խումբ, որն այս ընթացքում ԱՆԸՆԴՀԱՏ աշխատել է ռուսական կողմի հետ: Ըստ Կարինե Մինասյանի՝ աշխատանքային խումբը երեք պաշտոնական ու բազմաթիվ ոչ պաշտոնական հանդիպումներ է ունեցել կողմերի հետ, ինչից հետո, փաստորեն, Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցելը տրամաբանական էր:

Դե եթե այդպես է, ուրեմն, էլ ի՞նչ կարիք կա գործը ձգել. անհրաժեշտ է ընդամենը որոշում ընդունել` բանակցային փաթեթ կազմելու վերաբերյալ, ինչն էլ ահա կառավարությունն առանց հարց ու պատասխանի, առանց գոնե ձեւական հինգ րոպեանոց քննարկման, ընդունեց ու շարժվեց առաջ:

Այսքանից հետո ինչ պիտի արձանագրել` ակնհայտ է. մենք չգիտենք, թե տարբեր ռանգի եվրոչինովնիկներ, հերթական անգամ ձախողակ կառավարությանը միլիոններով կերակրող ամերիկյան դեսպաններ կամ ռուսներն ինչպես ու որքան կգնահատեն սերժսարգսյանական «անկեղծությունը», նորից կխաբվեն, թե չեն խաբվի, իրենք էլ իրենց հերթին «կքցեն» Սերժին, թե չեն« քցի», բայց իր կռնակին հազարամյակների փորձառություն ու վերքեր կրող այս ժողովուրդն այլեւս խաբվելու ո՛չ ժամանակ ունի, ո՛չ ռեսուրս:

Այնպես որ, տեղական, թե դրսի, մեր կյանքը ֆարսի վերածած ցանկացած գաստրոլյոր լավ կանի` ճամպրուկները հավաքի.  դատարկվող այս հայրենիքի մեր դժվար կյանքը ձեր պարապ վախտի խաղալիքը չի…

Գոհար Սիմոնյան

 

Նախորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. Այս հաղթանակը հիմնված է համբերության և փորձի վրա’
Հաջորդ հոդվածը’22 տարվա «Մոսկվիչին» հետևեց 15 տարվա սպանությունը’