Բոլսոնարուն հայտնել է, որ շուտով վերադառնալու է Բրազիլիա

336

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն, որ 2022 թ․ դեկտեմբերի վերջից ԱՄՆ-ում է գտնվում, մտադիր է մոտ ժամանակներս վերադառնալ Բրազիլիա։

Դրանից առաջ Բոլսոնարուն, չնայած բժիշկների խորհրդին՝ ևս երեք-չորս օր պառկել, դուրս է գրվել Ֆլորիդա նահանգում Օռլանդոյի արվարձանի հիվանդանոցից։

«Ես ԱՄՆ եմ եկել և մտադիր էի այստեղ մնալ մինչև հունվարի վերջը, բայց հիմա կարագացնեմ վերադարձս։ Բանն այն է, որ Բրազիլիայում բժիշկներն ավելի լավ են տեղյակ աղիքային անանցանելիության իմ հիվանդությանը, որը ծագել է դանակահարվելուց հետո (Բոլսոնարուն դանակահարվել էր 2018 թ․ սեպտեմբերին ընտրողների հետ հանդիպման ժամանակ)»,- երեքշաբթի երեկոյան CNN Brasil հեռուստաալիքի եթերում ասել է Բոլսոնարուն։

Նա նշել է, որ առողջական այդ խնդրով արդեն երրորդ անգամ է հայտնվում հիվանդանոցում։ «Ես այստեղ էի եկել, որ ժամանակ անցկացնեմ ընտանիքիս հետ։ Բայց հանգիստ օր չեմ ունեցել։ Նախ՝ այդ ցավալի իրադարձությունները (կիրակնօրյա անկարգությունները Բրազիլիայում), հետո էլ՝ հիվանդանոց ընկնելը»,- հավելել է նախկին նախագահը։

Ավելի վաղ բրազիլացի սենատոր Ռանան Կալեյրուսը դիմել էր գերագույն դաշնային դատարան՝ պահանջելով հանրապետության նախկին ղեկավարի անհապաղ արտահանձնումը։ Նա պահանջել էր, որ Բոլսոնարուն 72 ժամվա ընթացքում վերադառնա երկիր և ցուցմունք տա դատարանում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳալտիեն խոսել է Մեսսիի ապագայի մասին
Հաջորդ հոդվածըԹուրքիա․ Ընտրությունները սովորական ժամկետում անցկացնելու հավանականությունը 30-40 % է