Բողոքի ցույցեր Իրանում․ Նոր ձերբակալություններ և մահվան դատավճիռներ

360

Իրանում հինգ մարդ դատապարտվել է մահապատժի համազգային բողոքի ցույցի ժամանակ «Բասիջ» ռազմականացված կազմավորման անդամ Ռուհոլլա Աջամիյանի սպանության համար, երեքշաբթի հաղորդել է դատական համակարգի մամուլի քարտուղար Մասուդ Սետայեշին։

Եւս 11 հոգի, այդ թվում՝ երեք երեխա, երկարաժամկետ ազատազրկման են դատապարտվել։

Անցյալ շաբաթ արդարադատության նախարարության կայքը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 3-ին Թեհրանից արևմուտք` Քարաջ քաղաքում Աջամիյանի  սպանության գործով մեղադրանք է առաջադրվել 15 հոգու։

«Բասիջը» ձևականորեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում է գտնվում, բայց իրականում վերահսկում են տեղական իշխանությունները։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երեքշաբթի ձերբակալել է ևս 12 մարդու, որոնք մեղադրվում են օտարերկրյա գործակալների հետ կապերի մեջ և «քայքայիչ» գործողություններ էին ծրագրել։

Երկուշաբթի իրանական բանակի անանուն մի գեներալ հայտարարել էր, որ արդեն մեկուկես ամիս շարունակվող անկարգություններում սպանվել է 300-ից ավելի մարդ, այդ թվում՝ անվտանգության ուժերի աշխատակիցներ։ Հարյուրավոր մարդիկ սպանվել են և հազարավորները ձերբակալվել, այդ թվում՝ 40 օտարերկրացիներ, անվանի դերասաններ, լրագրողներ ու փաստաբաններ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱդրբեջան․ «Տերտերի գործով» անցնող 19 կալանավոր ազատ է արձակվել
Հաջորդ հոդվածը«Ոչ մի պաշտոնական մարմին Իրանում չի հաստատել բարքերի ոստիկանության լուծարումը»