‘Բողոք առ Աստված. Մամուլ’

1034

«Հրապարակի» խմբագիրը գրում է. «Երբեմն անկեղծորեն ցավակցում եմ հեռուստատեսությունում աշխատող մեր գործընկերներին, երբ հետևում եմ նրանց տիտանական ջանքերին, թե ինչպես են փորձում արդարացնել այն, ինչը դժվար է արդարացնել: Երբ գովերգում են այն, ինչը քննադատության է արժանի: Երբ գրում և ցուցադրում են այն, ինչին չեն հավատում, ինչի հետ կտրականապես համաձայն չեն: Սրանից ավելի ողբերգական վիճակ՝ լրագրողի համար, հնարավոր չէ պատկերացնել: Ահա, Հանրային հեռուստատեսությամբ ռեպորտաժ է ՀՀ նախագահի մրցանակների մասին, երբ ողջ մամուլը հեղեղված է գրող Լևոն Խեչոյանի՝ մեդալից հրաժարվելու մասին լուրերով, մեր խեղճ գործընկերները զրկված են այդ մասին խոսելու իրավունքից:

Բայց նրանց հանձնարարված է հնարավորինս շքեղ ու հանդիսավոր ներկայացնել նախագահականում տեղի ունեցող մրցանակների հանձնման երեկվա արարողությունը: Ի՞նչ անել: Լրագրողը գտել է «ձևը»՝ մրցանակ ստացողները երախտագիտության շռայլ խոսքեր են ասում, փայլող աչքերով բեմ բարձրանում, ամեն ինչ սիրուն է, ապա ուղեկցող տեքստում հնչում է՝ այս տարիներին նախագահի ձեռքից (կարծեմ) 270 մարդ մրցանակ է ստացել: Ենթատեքստը պարզ է. մի Լևոնի՝ մրցանակից հրաժարվելը չի կարող պղտորել մեր տոնը:

Թվում է՝ լրագրողը վաստակել է իր հացը, բայց կեսճշմարտությունը կեղծիքից քիչ է տարբերվում: Հաջորդ լրագրողական «մենախոսությունը». ինչու է անձրևի ու բնության աստվածը մեզնից երես թեքել` մտերմիկ տոնով հեռուստադիտողին հարցնում է իշխանություններին ծառայելու գործում ռեկորդներ սահմանած լրագրողը: Պարզվում է՝ ոչ ոք մեղավոր չէ մեր դժբախտությունների մեջ, այդ Աստված է մեզնից երես թեքել: Ի՞նչ անի խեղճ կառավարությունը, երբ շարունակ անձրև է գալիս: Կարելի է կարծել, թե աշխարհի ոչ մի երկրում անձրև չի գալիս, կարկուտ չի տեղում»:

Նախորդ հոդվածը‘Մարդիկ գրամ-գրամ են առևտուր անում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը ժլատություն է արել. Մամուլ’