‘ Բոյաջյան. «Նիմֆոմանուհու» պրեմիերայի չեղյալ հայտարարումը կինոթատրոնի անգրագետ մարքեթինգի հետևանք է’

2634

Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի հայաստանյան պրեմիերայի չեղյալ հայտարարումը «Սինեմա Սթար» կինոթատրոնի անգրագետ մարքեթինգի հետևանք է: Փետրվարի 17-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է հայտնի կինոգետ Զավեն Բոյաջյանը: Հիշեցնենք, որ «Նիմֆոմանուհի» ֆիլմի պրեմիերան նախատեսվում էր փետրվարի 13-ին, սակայն մինչ այդ կինոթատրոնի տնօրինությունը հաղորդում տարածեց այն մասին, որ ֆիլմի ցուցադրությունը չեղյալ է հայտարարվել մի շարք քաղաքացիների և հասարակական կազմակերպությունների դժգոհության առնչությամբ: Բոյաջյանը միևնույն ժամանակ տարակուսանք է հայտնել այդ հիմնավորման առնչությամբ, քանի որ մինչ օրս այդպես էլ գաղտնիք է մնում, թե հատկապես ո՞վ է բողոք հայտնել: Նա նշել է այն փաստը, որ կինոթատրոնի մենեջերը ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հարցազրույցում պրեմիերայի չեղյալ հայտարարումը հիմնավորել է այն հանգամանքով, որ հայ հասարակությունը պատրաստ չէ նմանօրինակ ֆիլմերի:

«Միանգամից հարց է ծագում.  ո՞վ է կինոթատրոնին իրավունք տվել հանդես գալ գրաքննիչի և կինոքննադատի դերում, և ինչո՞ւ է «Սինեմա սթարը» կարծիք հրապարակում այն մասին, թե հայ հասարակությունն ինչին է պատրաստ, կամ պատրաստ չէ: Այդ ամենը խորհրդային տոտալիտարիզմի մնացուկներ են, երբ մարդկանց մի մասի կարծիքը փորձում էին պարտադրել ողջ հասարակությանը», — հայտարարել  է կինոգետը: Նրա համոզմամբ, Հայաստանում ոչ ոք չի կարող օբյեկտիվ կարծիք հրապարակել «Նիմֆոմանուհու» բովանդակության վերաբերյալ, քանի որ այստեղ այդ ֆիլմն, ըստ էության, ոչ ոք չի տեսել: Ինչ վերաբերում է ֆիլմում անկեղծ տեսարանների առկայությանը, ապա այստեղ նա չի հապաղել ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ 60-ական թվականներից կինեմատոգրաֆը դառնում է ավելի ու ավելի ազատ, և ավելի կամ պակաս անկեղծ տեսարաններ կան մի քանի տասնյակ ռեժիսորների գործերում, որոնք համարվում են արթ-հաուսի վարպետներ:

 

Նախորդ հոդվածը‘Ցուցարարները վերանվաճել են Կիեւի քաղաքապետարանը ‘
Հաջորդ հոդվածը‘ «Դ!եմ եմ»-ը ուսանողական և աշխատանքային գործադուլներ ու այլ ակցիաներ կանցկացնի ‘