‘Բորիս Բերեզովսկին 200 միլիոն ֆունտ եկամուտ է փորձել ստանալ’

970

Ձեռնարկատեր Բորիս Բերեզովսկին 2012 թվականի աշնանը կարգադրել է լիկվիդացնել իր մի քանի օվշորային ֆոնդերի ակտիվները, ինչի արդյունքում սպասել է շուրջ 200 միլիոն ֆունտի շահույթ: Այս մասին գրում է The Sunday Times-ը՝ հղում անելով նախաքննության նյութերին ու Բերեզովսկու իրավաբանական նամակագրությանը:

Բրիտանական թերթի տվյալներով՝ «Աերոֆլոտ» ռուսական փոխադրող ընկերությունը որոշ ժամանակ առաջ պարզել է, որ Salford Capital Partners ներդրումային ընկերությունը 2012 թվականի հոկտեմբերից Բերեզովսկու շահերից ելնելով՝ վաճառում է նրա ակտիվները:

Բերեզովսկու մահվան լուրի հայտնվելուց բառացիորեն երկու ժամ անց «Աերոֆլոտի» շահերը ներկայացնող Pinsent Masons ընկերությունը դիմել է Բերեզովսկու փաստաբաններին ու պահանջել բացահայտել նրա կտակակատարների անունները: Հետագայում «Աերոֆլոտի» ներկայացուցիչները էլեկտրոնային նամակներում պարզաբանել են, որ իրենց տվյալներով Բերեզովսկին պետք է երեք ֆոնդերից ստանար 200 միլիոն ֆունտ, իսկ կտակակատարների անուններն իրենց պետք են, որովհետև նրանք պետք է պատասխանող կողմ հանդես գան ձեռնարկատիրոջ նկատմամբ ներկայացված դատական հայցերին:

The Sunday Times-ը նշում է, որ Բերեզովսկու մի քանի ընկերների կարծիքով՝ սպասվող խոշոր գումարի ստացման տեղեկությունն ավելի ծանրակշիռ է դարձնում սպանության վարկածն ու անհիմն է դարձնում ինքնասպանության վարկածը:

Թերթը հիշեցնում է, որ «Աերոֆլոտը» մի քանի տարի շարունակ փորձում էր Բերեզովսկուց ու նրա բիզնես գործընկեր Նիկոլայ Գլուշկովից հետ ստանալ այն գումարը, որ նրանք գողացել են 1990-ական թվականներին:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլն ու մեկնել Էջմիածին’
Հաջորդ հոդվածը‘Բարսելոնան» բաց թողեց հաղթանակը, բայց Մեսին նոր ռեկորդների հեղինակ դարձավ’