‘Բորիս Բերեզովսկուն մեղադրել են Վլադ Լիստևի սպանության մեջ’

902

ՌԴ գործարար Բորիս Բերեզովսկին կապված է վերջին տասնամյակների մի շարք աղմկահարույց սպանությունների, մասնավորապես՝ հայտնի հեռուստալրագրող, Ռուսաստանի հանրային հեռուստաալիքի առաջին տնօրեն Վլադ Լիստևի սպանության հետ։ Նման կարծիք է հնչել ներկայումս Մեծ Բրիտանիայում ապաստանած ռուս օլիգարխի մասին Անդրեյ Կոնդրաշովի նկարահանած վավերագրական ֆիլմում, որի պրեմիերան տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ի գիշերը Россия 1 հեռուստաալիքով:

Ֆիլմում ներկայացված են 90-ականներին Բերեզովսկուն շրջապատող գործիչների, այդ թվում օլիգարխի նախկին թիկնապահ, ներկայումս պետական դումայի պատգամավոր Անդրեյ Լուգովոյի, ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի անվտանգության ծառայության պետի, ինչպես նաև ռուսական և ուկրաինական հատուկ ծառայությունների նախկին ղեկավարների մի շարք բացահայտումները 90-ականներին Բերեզովսկու ծավալած գործունեության վերաբերյալ:

Ըստ ֆիլմում հնչած վարկածի՝ ազատամիտ և անկախ Վլադ Լիստևը, որը գլխավորում էր ի սկզբանե տեղեկատվական քարոզչության նպատակով Բերեզովսկու հիմնադրած Հանրային հեռուստաալիքը, իր ազատամիտ կեցվածքով խոչընդոտում էր օլիգարխին՝ դուրս մնալով նրա «հավատարիմների շարքերից»: Լիստևը պատրաստվում էր կարգավորել հեռուստաալիքի գովազդային քաղաքականությունը, ինչը ձեռնտու չէր գովազդային ոլորտը մոնոպոլիզացրած Բերեզովսկուն և նրան մոտ կանգնած մի շարք այլ ազդեցիկ գործարարների:

Բերեզովսկու մասնակցությունը Լիստևի սպանությանը, ճիշտ է, ապացուցված չէ, սակայն ֆիլմում հնչած կարծիքներից կարելի է եզրակացնել, որ Լիստևն իր գործունեությամբ լուրջ սպառնալիք էր հանդիսանում Բերեզովսկու համար, ինչը կարող էր դրդել օլիգարխին կազմակերպել լրագրողի սպանությունը։

Նախորդ հոդվածը‘Կոնտեն գերազանցեց Կապելոյի ռեկորդը’
Հաջորդ հոդվածը‘Փիրուզ Սարգսյանը վերընտրվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի պաշտոնում’