‘Բուդաղյանի փաստաբանի բողոքը գլխավոր դատախազությունն ուղարկել է զինդատախազություն’

1594

Գլխավոր դատախազությունը ստացել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի փաստաբանի միջնորդությունը եւ այն ուղարկել Զինվորական դատախազությանը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է Գլխավոր դատախազի օգնական Սոնա Տռուզյանը:

Իսկ փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը վերաբերում էր ՀՀ ՊՆ քննչական ծառայության որոշմանը` Արտակ Բուդաղյանին որպես տուժող ներգրավելու միջնորդության քննարկումը հետաձգելու մասին:

Սոնա Տռուզյանը մեկնաբանեց, որ այդ միջնորդությունը  ուղարկվել է Զինվորական դատախազություն, քանի որ Քրեական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  քննիչի եւ հետաքննության մարմնի  աշխատակցի  գործողություններն ու որոշումները կարող են բողոքարկվել համապատասխան դատախազին, այսինքն՝ տվյալ գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին եւ միայն վերջինիս գործողություններն ու որոշումները՝ վերադաս դատախազին։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հետաձգել է Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու մասին միջնորդության քննարկումը:  Այդ միջնորդության վերաբերյալ զինվորական դատախազ Գեւորգ Կոստանյանի մեկնաբանությունները, թե անհրաժեշտ է  կատարել բազմաթիվ քննչական գործողություններ, չի բացառվում Արտակ Բուդաղյանին մեղադրյալ ներգրավելը, փաստաբանը մեկ բառով էր բնութագրել` «Զինդատախազությունն իր ոճի մեջ է»: «Եթե որեւիցե մի միջնորդության լուծման համար անհրաժեշտ են որոշակի գործողություններ, մինչեւ պարզվի` այդ միջնորդությունը ենթակա է բավարարման կամ մերժման, ուրեմն այդ միջնորդության քննարկումը կարող է հետաձգվել, բայց սա այդ դեպքը չէ: Այս դեպքում միակ գործողությունը, որ իրենց անհրաժեշտ էր կատարել մեր միջնորդությունը քննարկելու առումով, բացել Քրեական դատավարության օրենսգիրքը: Ես չգիտեմ` իրենց ինչքան ժամանակ է պետք Քրեական դատավարության օրենսգիրքը կարդալու համար, իրենք դա պետք է համալսարանում արած լինեին: Չգիտեմ` ինչ պետք է անեմ, կարող է Քրեական դատավարության օրենսգիրքը ուղարկեմ իրենց փոստով, կարող է բողոքարկեմ, չգիտեմ, դեռ չեմ որոշել, երկուշաբթի օրը կորոշեմ»,- հայտնել էր Հայկ Ալումյանը:

Նշենք, որ գործի շրջանակներում որպես վկա հարցաքննվել են Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած կրակոցների հետեւանքով հրազենային վիրավորում ստացած ԼՂՀ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը եւ  Սուրեն Խաչատրյանի թիկնապահներից Նիկոլայ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:

Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ:

Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:Նրանց շահերը կպաշտպանեն երեք փաստաբան՝ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը, Կարմեն Սահակյանը, Մարտին  Զիլֆուղարյանը:

Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունն ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանը նշում է Սահմանադրության օրը’
Հաջորդ հոդվածը‘Թեղուտի բնակիչները փակել են դեպի հանք տանող ճանապարհը (տեսանյութ)’