‘Բուլղարիայում անհանգստացած են, Հայաստանում իրենց հավաքականին սպասվող իրադարձությունների պատճառով’

971

Վերջին օրերին համացանցում հայտնվել են հոկտեմբերի 11-ին կայանալիք Հայաստան-Բուլղարիա հանդիպմանը նվիրված տեսահոլովակներ, որոնք հիմնականում պատրաստել են հայ ֆուտբոլասերները: Տեսահոլովակներից մի քանիսում նշվում է, որ Հայաստանը պատրաստ է վրեժ լուծել Բուլղարիայից՝ նախորդ տարի Սոֆիայում կայացած կեղտոտ խաղի համար:

2012թ. սեպտեմբերին տեղի ունեցած մրցավեճն աչքի ընկավ դեղին եւ կարմիր քարտերով: Տանտերերի կազմակերպած սադրիչ գործողությունների արդյունքում, Հայաստանի կազմից հեռացվեց Մարկոսը, իսկ քիչ անց Գեւորգ Ղազարյանը ստացավ կարմիր քարտ, երբ չկարողացավ զսպել զայրույթը եւ գնդակով հարվածեց գնդակ մատակարարող տղաներից մեկին: Գեւորգի զայրույթի պատճառն այն էր, որ «աուտչիկները» հաճախ ժամանակ էին ձգում եւ գնդակն ուշացումով էին փոխանցում հայ ֆուտբոլիստներին: Իրենց շատ վատ պահեցին նաեւ բուլղարացի երկրպագուները, ովքեր կազմակերպված կերպով վիրավորական արտահայտություններ արեցին Հայաստանի հասցեին:

Խաղից առաջ էլ բուլղարացիները հարձակվել էին Սոֆիա մեկնած հայ ֆուտբոլասերներից մեկի վրա, սակայն միջադեպն արագորեն հարթվել էր եւ գործը չէր հասել մարմնական վնասվածքների:

Բուլղարական ԶԼՄ-ներն այս օրերին տեղեկություններ են հրապարակում, որ Հայաստանում թեժ խաղ է սպասվում՝ հղում անելով հայ երկրպագուների տեսահոլովակներին եւ այնտեղ վրեժի մասին հնչող կոչերին:

«Հայ երկրպագուները սկսել են հոգեբանական ճնշում գործադրել եւ պատրաստած տեսահոլովակներում նշում են, որ եկել է վրեժի ժամանակը»,-նշում է sportni.bg-ն՝ ավելացնելով, վերջին տարիներին սա Բուլղարիայի համար կարեւորագույն հանդիպումն է, որում հաղթելու դեպքում Լյուբոմիր Պենեւ թիմը երկրորդ տեղում հայտնվելու իրական հնարավորություն կստանա:

Նմանատիպ հրապարակումների տակ բուլղարացի երկրպագուները հիմնականում կոռեկտ արտահայտություններ են գրում՝ նշելով, որ խաղը չպետք է քաղաքականացվի, քանի որ Հայաստանը եւ Բուլղարիան բարեկամ երկրներ են, իսկ նախորդ տարի տեղի ունեցածը ֆուտբոլային կրքերի արդյունք են:

Պետք է ընդգծել, որ բուլղարացի ֆուտբոլասերները Սոֆիայում իրենց անվայել են պահել ոչ միայն Հայաստանի, այլեւ մի շարք այլ հավաքականների հետ հանդիպումներում, ինչի արդյունքում ՈւԵՖԱ-ն մեծ տուգանքների ենթարկել այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիային, իսկ Բուլղարիա-Մալթա հանդիպումն անցկացվեց դատարկ տրիբունաների ներքո:

Armsport.am-ը հայտնում է, որ Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան «Հանրապետականում» կայանալիք խաղի տոմսերի հայտ չի ներկայացրել, քանի որ բուլղարացի շատ քիչ ֆուտբոլասերներ են Հայաստան մեկնելու ցանկություն հայտնել:

Հիշեցնենք, որ 14.403 նստատեղ ունեցող «Հանրապետական» մարզադաշտի հյուսիսային տրիբունայում առանձանացված է մոտ 1000 նստատեղով սեկցիա, որտեղ սովորաբար տեղ են զբաղեցնում հյուրերի երկրպագուները:

Նախորդ հոդվածը‘Ղարաբաղը ինսուլինը ձեռք է բերում չհիմնավորված թանկ գնով’
Հաջորդ հոդվածը‘Նախարարն ի՞նչ գիտի՝ պետականությունն ինչ է ‘