‘Բուլղարիայում ցուցարար ուսանողները շրջափակել են Սոֆիայի համալսարանը’

930

Բուլղարացի հազարավոր ուսանողներ այսօր իրենց լիակատար վերահսկողության տակ են վերցրել Սոֆիայի համալսարանի շենքը՝ պահանջելով կառավարության հրաժարականը, հաղորդում է «Болгария сегодня» թերթը: Ցուցարարները շղթաներով ու կողպեքներով փակել են համալսարանի բոլոր մուտքերը և հրաժարվել են ներս թողնել իրենց չսատարող որևէ մեկին: Ուսանողները խոստացել են այնքան ժամանակ պահպանել իրենց դիրքերը, քանի դեռ Բուլղարիայի կառավարությունը հրաժարական չի տվել: Ըստ ուսանողների՝ իրենց այդ քայլը թելադրված է նրանով, որ նախօրեին անցկացված ցույցի ընթացքում զգացել են ժողովրդի տրամադրվածությունը: Այդ ակցիայի ժամանակ ցուցարարները փակել էին Սոֆիայի կենտրոնի երթևեկությունը և հայրենակիցներին կոչ  արել հասնել քաղաքական բարեփոխումների՝ շեշտելով գործող իշխանություններին տապալելու անհրաժեշտությունը:

Ուսանող ցուցարարների կարծիքով՝ քաղաքական կուսակցությունները կատարում են օլիգարխիկ շրջանակների պատվերը՝ ականջ չդնելով սովորական ժողովրդի ձայնին:

Բուլղարիայի քաղաքացիներն արդեն քանի ամիս է՝ պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում երկրում արմատական փոփոխությունների հասնելու նպատակով: Ըստ նրանց՝ ներկա քաղաքական կառուցվածքի պարագայում անհնար է հասնել էական փոփոխությունների, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘2013-ի երրորդ եռամսյակում օտարերկրյա կապիտալի մասնակցությունը կրճատվել է 18.2%-ով’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԱՎ-ը հիշեցնում է ոստիկանությանը` ՀՀ պետական լեզուն հայերենն է’