‘Բուսահողի լիցք է կատարվել. Քաղաքապետարանի լրատվականի լրահոսի «բոցերից» ‘

1007

Այն, որ Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունը ամենափակ ու անարադյունավետ աշխատող ծառայությունն է, հայտնի փաստ է: Ամենաշատը հենց այդ լրատվական ծառայությունն է անպատասխան թողնում հարցումները, կամ՝ դրանց չի պատասխանում ըստ էության, եթե հարցումները վերաբերում են կոնկրետ թվերի եւ ծախսերի: Մեկ անգամ չէ, որ մեր կոնկրոտ հարցումներին քաղաքապետարանի լրատվականը այնպիսի լղոզված պատասխաններ է ուղարկել, որ դրանից ընդհանրապես հնարավոր չլինի նյութ պատրաստել:

Լրատվական պարտակման այս արատավոր պրակտիկան հատկապես նշանավորվեց այս տարվա գարնանը՝ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ, երբ վերջիններս ասես առաջնորդվում էին «ոչ մի թիզ լուր լրագրողներին» կարգախոսով: Օրինակ, կարո՞ղ է ձեզ հետաքրքրում է, թե իրականացվող որեւէ ծրագրի համար որքա՞ն գումար է ծախսել քաղաքապետարանը, կամ՝ ինչպե՞ս է կոնկրետ ձեւավորվում Երեւան հիմնադրամի բյուջեն, կոնկրետ որ ծրագրի համար որքան գումար է ծախսում, եւ հարցում ուղարկեք Երեւանի քաղաքապետարան: Այդ պարագայում ստիպված կլինեք սպասել երկար ժամանակ, մինչեւ ձեր հարցմանը պատասխանեն, իսկ «պատասխանից» էլ, բնականաբար, չեք ստանա ձեր հարցերից եւ ոչ մեկի պատասխանը:

Այս պարագայում, բնական է, որ հարց է առաջանում, իսկ ինչո՞վ է զբաղված քաղաքապետարանի մամլո ծառայությունը: Պատասխան՝ զբաղված է միայն Տարոն Մարգարյանի ամեն քայլի մասին վերամբարձ տոնով կազմված հաղորդագրություններ ուղարկելով, նաեւ՝ հաղորդագրություններ ուղարկելով այն մասին, թե ինչպիսի լավ «աշխատանքներ է» իրականացնում քաղաքապետարանը երեւանցիների համար, անգամ եթե խոսքը այն մասին է, որ Երեւանի ինչ-որ մի համայնքում բուսահողի լիցք է կատարվել:

Ահա նման մի հաղորդագրություն (ընդամենը մեկը՝ տասնյակներից), որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը՝ առանց կրճատելու: Սա քաղաքապետարանից ստացված ամենթարմ հաղորդագրությունն է.

«Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2013 թվականի տարեկան ծրագրով մայրաքաղաքում հիմնանորոգվող շուրջ 30 փողոցների շարքում ամբողջությամբ բարեկարգվել է նաև Էրեբունի վարչական շրջանի Էրեբունի փողոցը: Հիմնանորոգման աշխատանքների շրջանակում բարեկարգվել է ճանապարհի շուրջ 64000 քմ հատվածը, նորերով են փոխարինվել 14000 գծմ եզրաքարերը, երկկողմանի հատվածներում նորոգվել է մայթերի շուրջ 14000 քմ ասֆալտբետոնե ծածկը: Մայթերի հարակից տարածքների կանաչապատման, մասնավորապես սիզամերգերի ձևավորման նպատակով բուսահողի լիցք է կատարվել: Տեղադրվել են նաև  նոր, մայրաքաղաքի արտաքին ընդհանուր ձևավորմանը համահունչ նստարաններ, որտեղ օրվա տարբեր ժամերին կարելի է հանդիպել իրենց հանգիստը վայելող տասնյակ Էրեբունցիների»:

 

Նախորդ հոդվածը‘Յուրգեն Կլոպ. «Արսենալը» միշտ էլ հավատարիմ է եղել իր ոճին’
Հաջորդ հոդվածը‘Սրճարաններում ծխախոտ գովազդող բարետես աղջիկներ այլևս չեն շրջի’