‘«Բուֆեր» Սերժ Սարգսյանի և ժողովրդի միջև’

2871

Ահա և Րաֆֆի Հովհաննսիսյանը ներկայացրեց այդքան սպասված բեկումնային քայլը, որը պայքարի շարունակման հնարավորություններից ամենածայրահեղներից էր, սակայն օգտակարության առումով՝ ամենաանարդյունավետը: Ըստ էության՝ սա վերածվում է մեկ անձի պայքարի, որն անհամեմատ ավելի անարդյունավետ է, քան հազարավորների պայքարը: Կարելի է նաեւ ասել, որ սա անսպասելի քայլ էր հրապարակում հավաքվածների համար: Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նպատակով հարթակի եւ ժողովրդի միասնական գործողությունների մասին սպասումները չարդարացան:

Նպատակի իրագործման համար ավելի կարևոր է, որպեսզի առաջնորդը գործողություններ իրականացնելու պատասխանատվություն ստանձնի, քան, թեկուզ ինքնազոհողության գնով՝ պատասխանատվությունից խուսափի: Այդ առաջնորդին ձայն տված կամ աջակցող մարդիկ, որոնք պատրաստ էին երկարատեւ փողոցային պայքարի, սպասում էին բեկումնային քայլի, բեկումնային որոշման, սակայն ոչ թե առաջնորդի անձնական գործողություններում, այլ իրենց՝ «պայքարի զինվորների» անելիքներում: Իհարկե, հացադուլը բարդ քայլ է, և ամեն մարդ չէ, որ կարող է կայացնել այդ ծայրահեղ որոշումը, բայց այս դեպքում, երբ դեռեւս սպառված չեն պայքարի ակտիվ ձևերը, հրապարակում կանգնած քաղաքացիները առաջնորդից ակնկալում են միասնական գործողությունների ծրագիր, այլ ոչ թե անձնազոհություն: Ակնկալվում էր, որ նախագահական ընտրություներում քաղաքացիների վստահության քվեն ստացած առաջնորդը վերջապես կհստակեցնի իր խոսքն ու գործը և կհայտարարի ինտենսիվ զանգվածային բողոքի միջոցառումներ կազմակերպելու մասին: Սակայն եղավ հակառակը. է՛լ ավելի մեղմվեց առանց այն էլ «բարի» պայքարը, ինչը, առաջին հերթին, լուրջ ազդեցություն կունենա փողոց դուրս եկողների թվի վրա:

Հացադուլավորի շուրջ գրեթե անհնար է քաղաքացիների կրիտիկական զանգվածի համախմբումը: Եվ սա շատ բնական է, քանի որ ստացվում է, որ քաղաքացին այստեղ այլևս անելիք չունի: Ինչո՞ւ քաղաքացին պետք է գա հրապարակ, երբ հացադուլավորն ասում է, որ Սերժ Սարգսյանի երդվել-չերդվելը կախված է միայն իր գործողություններից: Ի՞նչ ունի այդտեղ անելու քաղաքացին: Իսկ հրապարակում հազիվ հնարավոր լինի ապահովել մեկ-երկու հարյուր հետաքրքրասեր և կարեկցող քաղաքացիների ներկայությունը:

Միևնույն ժամանակ՝ այսպիսի գործընթացները, եթե անգամ կարող են որոշակի տհաճություններ պատճառել Սերժ Սարգսյանին, լիովին համապատասխանում են վերահսկելի փողոցային ընդդիմություն ստեղծելու նրա ծրագրին: Հնարավոր է, որ երդմնակալության վայրը չփոխվի, և այդ արարողությունն անցնի Ազատության հրապարակում ընթացող բողոքի պիկետի ուղեկցությամբ, բայց դա մեծ ողբերգություն չի լինի իշխանությունը բռնազավթողի համար: Հակառակը՝ այդ ամենը հերթական անգամ կներկայացվի որպես ժողովրդավարության առկայության ապացույց: Կարևորն այն է, որ Սերժ Սարգսյանի համար միակ վտանգ հանդիսացող կրիտիկական զանգվածի՝ մոտակա ժամանակներում փողոց դուրս գալու հնարավորությունը Րաֆֆի Հովհաննիսյանի ջանքերով ուղղակի հողին հավասարեցվեց:

Այստեղ առկա է նաև մի հետաքրքիր օրինաչափություն: Ստացվում է, որ սա ժողովրդական բողոքը մեղմելու՝ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջին փորձը չէ: Սկսած ետընտրական զարգացումների առաջին օրերից՝ նա ուղղակի «բուֆերի» դեր է կատարել Սերժ Սարգսյանի և ժողովրդի միջև: Սրա մասին են խոսում նրա անդադար հորդորները հրապարակում հավաքված քաղաքացիներին՝ չպահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը, նրա այցելությունը Սերժ Սարգսյանին ընդամենը մի քանի հարյուր մարդկանց հետ միասին, երբ ետընտրական այդ իրավիճակում հնարավոր էր դա անել առնվազն մի քանի հազար քաղաքացիների ուղեկցությամբ: Իսկ հացադուլի հայտարարությունը, ըստ էության, նշանակում է զանգվածային միջոցառումների դադարեցում և թուլ է տալիս մեզ ենթադրելու, որ դրա նպտակը իսկապես եղել է ժողովրդական ընդվզման մեղմումն ու իշխանություններին ձեռնտու ուղղությամբ տանելը, ինչպես նաև՝ մինչև ավագանու ընտրությունները Սերժ Սարգսյանին հակադրվելու պատրանք ստեղծելու փորձը՝ միևնույն ժամանակ՝ չկորցնելու ընդդիմադիր զանգվածի ձայները:

Հ.Գ. Այլևս ակնհայտ է, որ փետրվարի 18-ից անմիջապես հետո քաղաքացիների արդարացի ընդվզումը հետևողականորեն տարվեց դեպի մարում: Ամեն ինչ գնում է դեպի ավագանու ընտրություններ, և ոչընտիր Սերժ Սարգսյանի դիրքերին «ցավոտ» հարված հասցնելու համար այլևս հարկավոր է մտածել այդ իրադարձությունը հնարավորինս արդյունավետ օգտագործելու մասին՝ 2013 նախագահական ընտրությունների ետընտրական զարգացումների փուլը համարելով ավարտված:

Արեգ Գևորգյան

Նախորդ հոդվածը‘Վրաստանը չի վերականգնի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ’
Հաջորդ հոդվածը‘Չավի. Մեր հպարտությունը խոցված է’