‘Բռնության ենթարկված քաղաքացին պնդում է, որ ՀՀԿ-ին կից ահաբեկչական խմբավորումներ կան’

1040

Այսօր «Մեդիա կենտրոնում» քաղաքացիական շարժումների հարցերի շուրջ տեղի ունեցած քննարկման ժամանակ Հայաստանի եւ Կանադայի քաղաքացի Միքայել Տոնոյանը պատմել է, թե ինչպես են իրեն մի քանի օր առաջ ծեծի ենթարկել Երևանի քաղաքապետարանի մոտ: «Ես ընդամենը զբոսնում էի քաղաքապետարանի տարածքում, հանդիպեցի ծանոթ լրագրողուհու, ողջունեցի, մի փոքր զրուցեցի և շարունակեցի ճանապարհս դեպի տուն, և քաղաքապետարանից ընդամենը հարյուր մետրի վրա ինձ վրա տեղի ունեցավ կազմակերպված հարձակում: Ես զգացի, որ ինձ հետևում են 3 անձնավորություն, որոնցից մեկը սպորտային կազմվածքով տղամարդ էր: Մոտեցան ինձ, սկսեցին մեղադրել նրա համար, որ ես ինչ-որ խնդիրներ եմ ստեղծում իրենց հայրիկների համար: Ես նրանց ասացի` «նախ ներկայացեք, երկրորդը` դուք սխալվում եք», ինձ ասացին` «հանկարծ էլ ձեզ չտեսնենք քաղաքապետարանի դիմաց», ես նորից փորձեցի հասկանալ` ինչումն է բանը, և զգացի, որ հետևից հարված եմ ստանում, երբ շուռ եկա, բարձրացա, նրանք արդեն փախել էին»,- ըստ 168.am-ի, պատմել է Միքայել Տոնոյանը: Նա կատարվածի մասին տեղյակ է պահել ոստիկանությանը, պետական այլ մարմինների, Կանադայի հյուպատոսությանը:

«Այս ամենը հաշվի առնելով` կարծում եմ` կարող եմ հայտարարություն անել, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը կից գործում են ահաբեկչական խմբավորումներ, գուցե մի քիչ կոպիտ հնչի, նաև տեռորիստական կազմակերպություններ, որոնք սարսափելի անկազմակերպ ձևով հարձակվում են մարդկանց վրա»,- ավելացրեց Մ. Տոնոյանը:

Հիշեցնենք, օրերս Արարատ հյուրանոցի մոտ հարձակման էին ենթարկվել Երեւանի քաղաքապետարանի դիմաց անժամկետ նստացույց հայտարարած ակտիվիստներ Միհրան Մարգարյանը և Բաբկեն Տեր-Գրիգորյանը: Նրանց ծեծի էին ենթարկել մի խումբ անձինք, ովքեր նույնպես հայտարարել էին, թե պաշտպանում են իրենց հայրիկներին: 

Նախորդ հոդվածը‘Գալու է լֆիկների պատասխան տալու ժամանակը ‘
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունն արձագանքում է ակտիվիստին սեռական բռնության ենթարկելու վերաբերյալ ՄԻՊ հայտարարությանը’