‘Բռնությունները ճնշում և սպառնալիք են՝ ուղղված արտահայտվելու և հավաքների ազատությանը. ՔՀԻ’

863

Սեպտեմբերի 6-ին Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ն հայտարարություն է տարածել՝ արձագանքելով քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ շարունակական բռնություններին։

Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«2013 թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի են ունեցել անձանց կյանքին և առողջությանը վտանգ ներկայացնող մի շարք հարձակումներ: Այդ բոլոր անձինք հանդիսանում են քաղաքացիական նախաձեռնությունների աջակիցներ, ովքեր կա՛մ ակտիվ մասնակցություն ունեն բողոքի տարբեր ակցիաներին, կա՛մ անմիջական կապ ունեն ակտիվիստների հետ: Այսպիսով`

Օգոստոսի 22-ին Երևան քաղաքի Կոմիտաս 5 հասցեում անհայտ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստ Անուշավան Գրիգորյանը:

Օգոստոսի 24-ի, լույս 25-ի գիշերը` ժամը 1:30-ին, «Արարատ» հյուրանոցի մոտ Միհրան Մարգարյանին ու Բաբկեն ՏերԳրիգորյանին մի քանի երիտասարդներ են մոտեցել և հարցրել՝ արդյո՞ք մասնակցում են քաղաքապետարանի առջև կազմակերպված նստացույցին, իսկ դրական պատասխան լսելուց հետո, «մեր հերերին եք ուզում բան ասեք» ասելով, սկսել են ծեծել ակտիվիստներին:

Օգոստոսի 25-ին անհայտ անձինք «Հաղթանակ» կամրջի վրա հարձակվել են ակտիվիստ Միքայել Տոնոյանի վրա, և «մեր հերերի՞ն եք նեղացնում» ասելով՝ հարվածել են և դիմել փախուստի:

Սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Մաշտոցի պողոտայի սկզբնամասում մի խումբ անձանց կողմից ծեծի է ենթարկվել ակտիվիստ Արման Ալեքսանյանը:

Սեպտեմբերի 5-ի գիշերը շենքի բակում մեքենան կայանելիս 6-7 անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել Հայկակ Արշամյանը և Սուրեն Սաղաթելյանը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ կարծիքով՝ առկա է մեծ հավանականություն, որ այս բոլորը նախապես կազմակերպված և ուղղորդված գործողություններ են:

Ոստիկանությունն արդյունավետ քննություն չի իրականացրել և որևէ հանցագործ այս գործերով հայտնաբերված չէ՝ չնայած այն հանգամանքին, որ բոլոր հանցագործությունները տեղի են ունեցել Երևան քաղաքի կենտրոնում և, ըստ որոշ տուժած ակտիվիստների, տարածում տեղակայված են եղել տեսախցիկներ: Ոստիկանության անգործությունը նպաստում է հասարակության` ոստիկանության նկատմամբ անվստահության խորացմանը և նման հանցագործությունների տարածմանը:

«Բռնությունների այս ալիքը պայմանավորված է իշխանությունների կողմից հանրային նշանակություն ունեցող հարցերի վերաբերյալ քաղաքակիրթ երկխոսության բացակայությամբ: Փաստացի, այդ խնդիրների լուծման հարթակը դառնում է փողոցը, իսկ լուծման եղանակը` կողմերի առճակատումը և դրան հետևող բռնությունը: Այս գործընթացում էլ ոստիկանությունը դառնում է ապօրինի գործողություններ իրականացնող անձանց շահերի պաշտպանության գործիք»,– ասում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը:

Այս դեպքերի հետ կապված ոստիկանության ոչ լիարժեք գործողությունները ՀՀ իշխանությունների կողմից որդեգրած՝ «Դեպի ապահով Հայաստան» քաղաքականության միանգամայն հակառակ դրսևորումն են: Այս իրավիճակը գնահատում ենք որպես ճնշում և սպառնալիք ուղղված արտահայտվելու և հավաքների ազատության իրավունքների իրացմանը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ-ն պահանջում է ՀՀ իշխանություններից` 

•հրապարակայնորեն քննադատել բռնությունների շղթան, 

•հասարակական կարևորություն ունեցող հարցերի վերաբերյալ ապահովել իշխանությունների և հասարակության միջև գործնական երկխոսություն` բացառելով կամայական որոշումների կայացումը և իրականացումը:

ՀՀ ոստիկանությունից պահանջում ենք`

•հասարակությանը ներկայացնել բացատրություններ, թե ինչ քայլեր են ձեռնարկվել ապահովելու հասարակական վայրերում ՀՀ քաղաքացիների անվտանգությունը,

•հրապարակայնորեն ներկայացնել, թե ինչ գործողություններ են կատարվել հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու հանցագործներին,

•իրականացնել արագ և արդյունավետ քննություն այս արատավոր պրակտիկան կանխելու համար»:

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսն ամեն ինչի կանի՝ «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» կոնվենցիան վավերացնելու համար. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘ԵՄ Խորհրդի նախագահի և Հայաստանի ԱԳ նախարարի հանդիպումը չի կայացել’