‘Բրազիլացի ֆուտբոլասերներն ազգային հավաքականի պարտության համար մեղադրում են Միք Ջագերին’

1347

Բրազիլիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուների կարծիքով՝ ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում իրենց ազգային հավաքականի պարտության համար մեղավոր է The Rolling Stones խմբի երգիչ Միք Ջագերը, փոխանցում է The Independent-ը:

Երեքշաբթի օրը Ջագերը Բելու-Օրիզոնտիի «Մինեյրան» մարզադաշտում էր և երկրպագում էր առաջնության տանտերերին, որոնք Գերմանիայի հավաքականին պարտվեցին 1:7 ջախջախիչ հաշվով:

Հարավամերիկյան ֆուտբոլասերները նկատել են, որ այն թիմերը, որոնց երկրպագում է երաժիշտը, անխուսափելիորեն պարտվում են: Այդ օրինաչափությունը ֆանատները նկատել են դեռևս 2010 թ., երբ Ջագերը երկրպագում էր Անգլիային, ԱՄՆ-ին և Բրազիլիային: Այդ թիմերը հաջող հանդես չեկան ՀԱՀ-ի առաջնությունում:

ԱԱ-2014-ից առաջ Ջագերը պորտուգալացի ֆուտբոլասերներին հայտարարել էր, թե իրենց հավաքականը «ոսկի» կշահի, սակայն թիմը նույնիսկ խմբից դուրս չեկավ:

Հունիսին Հռոմում կայացած համերգի ժամանակ Ջագերը իտալացի հանդիսատեսներին հայտարարեց, թե իրենց հավաքականը կհաղթի Ուրուգվային և դուրս կգա փլեյ-օֆֆ, սակայն դա տեղի չունեցավ: Նրա սիրելի Անգլիան նույնպես հաջող հանդես չեկավ և չկարողացավ դուրս գալ 1/8 եզրափակիչ:

Բրազիլացիները Ջագերին անվանել են Pe Frio, ինչը բառացիորեն թարգմանվում է «սառը ոտք»: Այստեղ այդպես են անվանում այն մարդկանց, ովքեր անհաջողություն են բերում, փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Աֆղանստան. Աբդուլան պնդում է, որ հաղթել է նախագահական ընտրություններում’
Հաջորդ հոդվածը‘Դաշնային խորհրդին հետաքրքրել է Նեմցովի այցն Օդեսա’