‘Բրազիլիայի բնակիչը մասնակցել է սեփական հուղարկավորությանը’

986

Բրազիլիայի բնակիչ, 41-ամյա Ժիլբերտու Արաուժուն մասնակցել է իր սեփական հուղարկավորության արարողությանը: Դեպքը տեղի է ունեցել օրեր առաջ երկրի արևելյան նահանգներից մեկում, հայտնում է Reuters-ը:

Այն մասին, որ ընտանիքի անդամները պատրաստվում են իրեն հողին հանձնել, ավտոլվացման ծառայություններ մատուցող Արաուժուն իմացել է ծանոթներից: Առեղծվածային թվացող այս պատմության հանգուցալուծումը շատ պարզ է: Բրազիլացին ավելի քան չորս ամիս չի հայտնվել տանը, որից հետո հարազատներն անհանգստացել են: Փնտրտուքները Արաուժույի ընտանիքի անդամներին բերել են քաղաքային դիահերձարան, որտեղ էլ տեղի է ունեցել թյուրիմացությունը: Հարազատները մասնակցել են ավտովթարում զոհված մի մարդու ինքնության հաստատմանը և ճանաչել են նրան որպես իրենց Արաուժու, քանի որ այդ մարդը նույնպես զբաղվել է ավտոլվացմամբ:

Իմանալով, որ հարազատներն իր հուղարկավորությունն են կազմակերպում, Արաուժուն զանգել է նրանց և հայտնել, որ ինքը ողջ-առողջ է, սակայն զարհուրած մտերիմները չեն հավատացել և հրաժարվել են խոսել: Ժիլբերտուն ստիպված է եղել ներկայանալ «իր հուղարկավորությանը», ինչը մեծ իրարանցում է առաջացրել նրան վերջին հրաժեշտ տալու նպատակով եկած «սգավորներին»:

Ամեն ինչ հանդարտվել է միայն ոստիկանության միջամտության շնորհիվ: Իրավապահները պարզել են, որ մահացած մարդը իրականում Ժենավիլդու Սիլվա Գաման է, իսկ Արաուժուն ողջ-առողջ է:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ նախագահն ընդունել է շվեյցարացի պատգամավորներին ու գործարարներին ‘
Հաջորդ հոդվածը‘Ապօրինի ծառահատում՝ Ահնիձորի անտառում’