‘Բրազիլիայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավարին դատապարտել են 11 տարվա ազատազրկման’

771

Բրազիլիայի գերագույն դատարանը նոյեմբերի 12-ին երկրի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի աշխատակազմի նախկին ղեկավարին դատապարտել է 11 տարվա ազատազրկման, հաղորդում է France-Presse գործակալությունը:  Նախագահի աշխատակազմի՝ 2003-2005 թթ. ղեկավար Ժոզե Դիրսեուն՝ Բրազիլիայի բանվորական կուսակցության հիմնադիրներից մեկը, դատապարտվել էր հոկտեմբերի 10-ին. կուսակցության ևս երկու անդամների հետ միասին նրան մեղավոր էին ճանաչել խորհրդարանական ընտրությունների շրջանում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչներին կաշառելու նպատակով պետական միջոցներ օգտագործելու համար: Հետաքննության վարկածի համաձայն՝ այդ գործին մասնակցել էր առնվազն 38 մարդ՝ նախկին նախագահի շրջապատից: Պատգամավորներին վճարելով՝ հանցավոր սխեմայի մասնակիցները ապահովել էին նրանց չեզոքությունը՝ խորհրդարանում Բանվորական կուսակցության նախաձեռնած որոշումներն ընդունելիս: Որոշ դեպքերում կաշառքի գումարը հասել էր ամսական 10 հազար դոլարի:

Բոլոր մեղադրյալները հերքել են իրենց մեղքը և պնդել, որ իրենց նկատմամբ քաղաքական հետապնդում է տեղի ունենում: Իր հերթին՝ երկրի նախկին նախագահ Լուլա դա Սիլվան հայտարարել է, որ տեղյակ չի եղել պատգամավորներին կաշառելու սխեմայի գոյությանը:

Նախորդ հոդվածը‘Խուանֆրան. Պեպեն արժանի չէ «Ռեալին»’
Հաջորդ հոդվածը‘Զիմբաբվեի նախագահի շրջապատը յուրացրել է 2 մլրդ դոլարի ադամանդներ’