Բրազիլիայի նախագահն առաջիկա ընտրությունները ֆարս է համարում

438

Բրազիլիայի նախագահը՝ աջ պոպուլիստ Ժաիր Բոլսոնարուն, երեքշաբթի օրը իր հազարավոր կողմնակիցներին երկրի տարբեր քաղաքներում դուրս է բերել փողոց և եկող տարի սպասվող նախագահական ընտրություններում էլեկտրոնային քվեարկությունը ֆարս է անվանել։

Բոլսոնարուի վարկանիշն անընդհատ իջնում է, և եթե ընտրությունները կայանային հիմա, ապա, դատելով հարցումների արդյունքներից, նա կպարտվեր նախկին նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային։

Երեքշաբթի օրը Բրազիլիայի մայրաքաղաքում փողոց էին դուրս բերվել ոստիկանական ուժեղացված կարգախմբեր․ լուրեր էին տարածվում, թե նախագահի կողմնակիցները կարող են գրոհել Գերագույն դատարանի վրա։ Ի դեպ, դա տեղի չի ունեցել։

«Մենք մաքուր, դեմոկրատական ընտրություններ ենք ուզում, մի քվեարկությամբ, որը հեշտ կլինի ստուգել, ձայների հրապարակային հաշվարկով․․․ Ես չեմ կարող մասնակցել Բարձրագույն ընտրական տրիբունալի կողմից հովանավորվող ֆարսին»,- հայտարարել է մարտականորեն տրամադրված Բոլսոնարուն՝ ելույթ ունենալով  Սան-Պաուլուում իր բազմահազար կողմնակիցների առջև։

66-ամյա ծայրահեղ աջ նախագահը պնդում է, ընդ որում՝ առանց ապացույցների, թե Բրազիլիայում էլեկտրոնային քվեարկության համակարգը ենթակա է կեղծման, և ուզում է, որ յուրաքանչյուր քվեաթերթիկ լինի թղթե։

Ընտրական մարմիններն ի պատասխան հայտարարում են, որ 1996 թ․ Բրազիլիայում ներմուծված համակարգը հուսալի է, և, ընդհակառակը, թղթե քվեաթերթիկները կեղծելու լրացուցիչ հնարավորություն են ստեղծում։

Հանրային կարծիքի վերջին հարցումների համաձայն՝ նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան քվեարկության առաջին փուլում Բոլսոնարուի նկատմամբ 9 տոկոսի առավելություն կունենա։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԲայդեն․ «Ամբողջ աշխարհն է սպառնալիքի տակ»
Հաջորդ հոդվածըԹալիբներն սկսել են ուժ կիրառել Քաբուլում ցույց անող կանանց դեմ