‘Բրազիլիայի նոր նախագահն է Ժաիր Բոլսոնարուն՝ Թրամփի երկրպագուն և միգրանտների հակառակորդը’

1348

Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով հաղթել է աջակողմյան թեկնածու Ժաիր Բոլսոնարուն: Նա ստացել է քվեների 55 %-ը, երկրորդ փուլում նրա մրցակիցը՝ Աշխատավորների կուսակցության ձախակողմյան թեկնածու Ֆերնանդու Ադդադը՝ 45 %:

Նախընտրական քարոզարշավն ընթանում էր երկու թեկնածուների կոշտ դիմակայության պայմաններում: Ընտրության նախնական տվյալները հրապարակվելուց հետո Ադդադը հայտարարել է, որ դառնում է ընդդիմություն:

Նորընտիր նախագահը պաշտոնը կստանձնի 2019 թ. հունվարի 1-ին, չորսամյա ժամկետով: Բրազիլիայի գործող նախագահ Միշել Տեմերը Բոլսոնարուին շնորհավորել է հաթանակի կապակցությամբ:

63-ամյա Ժաիր Բոլսոնարուն առաջին ծայրահեղ աջակողմյան թեկնածուն է, որ իշխանության է հասել 1985 թվականից հետո, երբ ավարտվեց ռազմական խունտայի իշխանությունը:

Նախընտրական քարոզարշավի ընթացքում նա բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր կուռքն է և ընդօրինակման օբյեկտը: Իր ծայրահեղ աջ հայացքների համար նրան հաճախ անվանում են «արևադարձային Թրամփ»: Շատերին են վրդովել Բոլսոնարուի արտահայտությունները կանանց իրավունքների պաշտպանների և սեռական փոքրամասնությունների վերաբերյալ, ինչպես նաև միգրանտների և ազգային փոքրամասնությունների հասցեին նրա վիրավորական ակնարկները: Օրինակ, հարցազրույցներից մեկում նա հայտարարել է, որ կինը պետք է տղամարդուց պակաս աշխատավարձ ստանա, որովհետև կարող է հղիանալ և դեկրետ գնալ:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ֆաբրեգասը չի բացառել, որ կարող է վերադառնալ իր նախկին ակումբ’
Հաջորդ հոդվածը‘1 պակաս ձայնի պատճառով ԸՕ-ն նորից չընդունվեց. ՀՅԴ 2 պատգամավոր ներկա չէին’