‘Բրազիլիայում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցի ժամանակ ցույցն ավարտվել է անկարգություններով (տեսանյութ)’

916

Երկուշաբթի երեկոյան զանգվածային անկարգություններով են ավարտվել ցույցերը Ռիո դե Ժանեյրոյում, կառավարական պալատի մոտ, որտեղ այդ պահին տեղի էր ունենում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռոուսեֆի հանդիպման արարողությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Մոտավորապես մեկուկես հազար ցուցարարների մասնակցությամբ ցույցն սկզբում անցնում էր Ռիո դե Ժանեյրո նահանգի իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականության դեմ ուղղված կարգախոսներով: «Խնդիրն այն է, որ կառավարությունը Ֆրանցիսկոսի այցի վրա ծախսել է 53 միլիոն դոլար, ինչը չափազանց շատ է: Այդ գումարը կարելի էր ներդնել առողջապահության և կրթության ոլորտներում: Մենք կրոնի դեմ չենք հանդես գալիս: Սա քաղաքական բողոքի ակցիա է: Այն կապ չունի Հռոմի պապի հետ, սակայն նրա այցը չափազանց թանկ է նստում պետության վրա», ասել է ցուցարարներից մեկը: Ուշ երեկոյան ցուցարարների կողմից սկսել են քարեր և այրվող հեղուկով շշեր թռչել ոստիկանների ուղղությամբ: Ի պատասխան՝ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել: Առնվազն երկու հոգի ձերբակալվել է: Բախումների ընթացքում վիրավորվել է մեկ ոստիկան:

Նախորդ հոդվածը‘Բելգիայի նորընծա թագավորը հրաժարվել է ներում շնորհել բանտարկյալներին’
Հաջորդ հոդվածը‘Տրանսպորտի գինը բարձրացվել է ապօրինի. Որոշում չկա. Մամուլ’